հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թուրքիայի գործողություններն անվտանգային սպառնալիք են Հայաստանի համար. Մնացականյան

Թուրքիայի գործողություններն անվտանգային սպառնալիք են Հայաստանի համար. Մնացականյան

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ շվեդական կայքի հրապարակած փաստաթղթերին, ըստ որոնց՝ Թուրքիան ռազմական գործողությունների ծրագիր է մշակել Հայաստանի դեմ:

Նախարարն ասաց. «Ինչ վերաբերում է այդ հրապարակմանը, որ մենք բոլորս տեսել ենք, ես, անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակումը, դրա իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, առաջին հերթին թուրքական կողմը պետք է դա անի, և որևէ արձագանք դեռևս նրանցից չենք լսել: Բնականաբար, հարցը իր մեջ պարունակում է լուրջ մտահոգություն, և մենք շարունակելու ենք դրան հետևել: Բայց առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից»:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ նաև Չավուշօղլուի հայտարարությանն առ այն, որ հայկական կողմն է ձախողել հայ-թուրքական արձանագրությունների ընթացքը՝ դրանք կասեցնելով և ապա առ ոչինչ հայտարարելով: Չավուշօղլուն նաև Հայաստանի նոր իշխանության մոտեցումները հայ-թուրքական արձանագրությունների և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անվանել է հակասական:

Մեկնաբանելով այս հարցը՝ նախարարն ասաց. «Անկեղծ ասած՝ ձախողելու վերաբերյալ թեման մի հարց է, որի շուրջ խոսելը տարօրինակ է այն առումով, որ այս ամենը տեղի է ունեցել մեր աչքերի առաջ. բոլորս ականատես ենք եղել, միջազգային հանրությունը նույնպես ականատես է եղել, և այդ ամենը շատ թարմ է, թե ինչ է տեղի ունեցել 10 տարի առաջ՝ Ցյուրիխում, և ինչ զարգացում է տեղի ունեցել դրանից հետո: Դա այսօրվա պատմություն է։

Եթե Թուրքիան ներկայացնող մարդիկ որևէ բարդույթ չունեն՝ խեղաթյուրելու մերօրյա պատմությունը, չեղարկելու իրենց հանձնարարությունները, արձանագրությունների տակ դրված իրենց ստորագրությունը, ձախողման մեջ մեղադրելու ուրիշներին, մասնավորապես՝ մեզ, ակնհայտ է, թե ինչ մեկնաբանություններ կարող են ունենալ 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի և փաստերի վերաբերյալ... Եթե իրենք խոսում են պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին, դա ոչ քիչ, ոչ շատ՝ առաջարկ է համաձայնվելու ժխտողականությանը:

Ինչ վերաբերում է հակասական քաղաքականություն վարելուն՝ որևէ հակասություն մեր քաղաքականության մեջ չկա: Շատ հստակ է մեր քաղաքականությունը, մենք ասել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների՝ առանց նախապայմանների, բայց դրա համար երկու կողմ է պահանջվում, իսկ երկրորդ կողմի քաղաքականությունն աշխատում է ամբողջովին այլ ուղղությամբ: Այո՛, Թուրքիայի սպառնալիք լինելն արտահայտվում է իր վարած քաղաքականությամբ, իր գործողություններով և իր հռետորաբանությամբ: 

Նշվեց համապատասխան հրատարակումը, նշեցի, թե դրա իսկության վերաբերյալ որտեղից ենք մենք սպասում մեկնաբանություն, սակայն բացի դրանից, այն, ինչ որ մեր աչքերի առջև է տեղի ունենում՝ Հայաստանի շարունակվող շրջապատումը, հարաբերություններ հաստատելու ցանկության բացակայությունը, այդ ուղղությամբ որևէ քայլի բացակայությունը, Ադրբեջանին ռազմական-քաղաքական անվերապահ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի կոնտեքստում. այս ամենն իր ամբողջության մեջ արտահայտում է այն, ինչ կոչվում է անվտանգային սպառնալիք Հայաստանի համար: Որևէ հակասություն մեր մոտեցման կամ մեր քաղաքականության մեջ չկա. սպառնալիք է, որը բխում է իրականացվող քաղաքականությունից, գործողություններից և հռետորաբանությունից: Բայց նորից եմ կրկնում՝ Հայաստանը իր դիրքորոշումը արտահայտել է և մնում է հավատարիմ այդ դիրքորոշմանը: 

Ինչ վերաբերում է Ցյուրիխի արձանագրություններին, Ցյուրիխի արձանագրությունները ժխտել է Թուրքիան, մերժել է Թուրքիան, իր հավատարմությունը իր իսկ ստորագրություններին ձախողել է հենց Թուրքիան»:

  • Կիսվել: