«Խաղաղության գործընթացի անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և ՀՀ Սահմանադրության անհամապատասխանությունը». Ամիրբեկով
՛՛Հայաստանի հետ խաղաղության գործընթացի անշրջելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև առկա անհամապատասխանությունը՛՛։ Այս մասին Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, տեղեկացնում է APA-ն։
Ինչպես հաղորդվում է՝ վերոնշյալ հարցերն Ամիրբեկովը Բեռնում քննարկել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Ալեքսանդր Ֆազելի հետ։
Կողմերն անդրադարձել են ադրբեջանաշվեյցարական հարաբերությունների վիճակին և հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգությանը, տրանսպորտային կապերին և հումանիտար ականազերծմանը։
Ամիրբեկովը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացիկ փուլի և ձեռք բերված գործնական արդյունքների վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ խաղաղության գործընթացի կայունության համար կարևոր են փոխադարձ վստահության ամրապնդումը, տնտեսական և առևտրային կապերի զարգացումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումները։
Միևնույն ժամանակ Ամիրբեկովը պնդել է, որ ապագա խաղաղության համաձայնագրի և Հայաստանի Սահմանադրության միջև ՛՛իրավական անհամապատասխանության՛՛ վերացումը անհրաժեշտ պայման է խաղաղության գործընթացի անշրջելիությունն ու ձևավորված ՛՛դե ֆակտո խաղաղության՛՛ կայունությունն ապահովելու համար։
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միջին միջանցքի և TRIPP նախագծի զարգացումը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ TRIPP-ի իրականացումը և Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող են նպաստել ՛՛տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը և խաղաղության ամրապնդմանը՛՛:



