Թուրքիայի ԱԳՆ-ն Բայդենին կոչ է անում «ուղղել այդ մեծագույն սխալը»
Միացյալ Նահանգների նախագահի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը ՛՛ խորը վերք է բացել, որը խարխլում է մեր փոխադարձ վստահությունն ու բարեկամությունը՛՛: Այս մասին հայտարարել է Թուքրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Անկարան Բայդենի հայտարարությունը բնորոշել է որպես ՛՛պատմության վուլգար աղավաղում՛՛՝ պնդելով, թե այդ քայլը ՛՛նպաստում է այն շրջանակների օրակարգին, որոնք փորձում են թշնամություն հրահրել՛՛։
Թուրքայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է. ՛՛Մենք մերժում և ամենակոշտ կերպով դատապարտում ենք ԱՄՆ նախագահի հայտարարությունը 1915 թվականի վերաբերյալ՛՛:
Գերատեսչությունից նաև հավելել են, որ այն ոչ մի արդյունքի չի հանգեցնելու՝ ՛՛բացի ժողովուրդներին պառակտելուց, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վնաս հասցնելուց՛՛։
՛՛Ակնհայտ է, որ Բայդենի հայտարարությունը գիտական ու իրավական որևէ հենք չունի, ոչ էլ հիմնված է որևէ ապացույցի վրա՛՛, -նշել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում և կոչ արել ԱՄՆ առաջնորդին ՛՛ուղղել այդ մեծագույն սխալը՛՛։