երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Թուրքիան ակնհայտ բացասական դերակատարում  ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. Արա Այվազյան

Թուրքիան ակնհայտ բացասական դերակատարում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. Արա Այվազյան

Թուրքիան ակնհայտ բացասական դերակատարում  ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, մասնավորապես վերջին ագրեսիայի հարցում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:  

Նա նշել է, որ դա ակնհայտորեն երևաց, երբ Թուրքիան պատերազմի ժամանակ Մերձավոր Արևելքի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներից Արցախի դեմ ուղարկեց ահաբեկիչների և զինյալների, ինչպես նաև ակտիվորեն ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին:

«Ակնկալում ենք միջազգային հանրության ավելի հասցեական ազդեցությունը, որպեսզի Թուրքիան վերանայի իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»,- ասել է Այվազյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի համար կարող է ընդունելի լինել Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ հարցով բանակցային գործընթացին՝  նա հայտարարել է, որ բանակցային գործընթացում կարող են մասնակցել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Թուրքիան, որն առանց թաքցնելու հովանավորեց մերձավորարևելյան ահաբեկիչների գործունեությունն Արցախում, իր զինվորական անձնակազմն ու ռազմական անօդաչուները գործադրեց ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, արդեն ապացուցել է ոչ միայն հակամարտությունում իր ներգրավվածության մակարդակը, այլև այն, թե որքան հեռու է բանակցային գործընթացից»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

  • Կիսվել: