շաբաթ, դեկտեմբեր 5
5 / 12 / 2020
Ծառուկյանն անձամբ է ղեկավարելու ԲՀԿ մարզային և տարածքային կառույցների կամավորական ջոկատները

Ծառուկյանն անձամբ է ղեկավարելու ԲՀԿ մարզային և տարածքային կառույցների կամավորական ջոկատները

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կամավորական ջոկատի ստեղծման կոչով դիմել է ԲՀԿ մարզային և տարածքային կառույցներին՝ հայտարարելով, որ անձամբ է ղեկավարելու այն։

Նա, մասնավորապես, նշել է․

«Սիրելի’ հայրենակիցներ, կուսակից ընկերներ, հարգելի՛ գործընկերներ.

 

Անազատության մեջ գտնվելու օրերի ընթացքում չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը:

Օրհասական այս իրավիճակում բոլոր տարակարծություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնելու և Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է: Ամեն կորցրած վայրկյանի համար մենք չափազանց թանկ գին ենք վճարում: Ես անասելի ցավ եմ ապրում յուրաքանչյուր զինվորի ու կամավորականի թափած արյան ամեն մի կաթիլի համար: Ցավակցություններս ու խոնարհումս մարտի դաշտում հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր հայորդիների ընտանիքներին ու հարազատներին: Փա՛ռք ու պատի՛վ նրանց:

Թեպետ պատերազմի առաջին իսկ օրերից «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, հարյուրավոր կուսակցականներ եղել և այս պահին էլ առաջնագծում են, բայց այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը: Կոչ եմ անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին: Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել: Մենք կորցնելու և որևէ մեկին տալու հայրենիք չունենք: Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում և դա անբեկանելի ճշմարտություն է:

 

Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, հայ զինվորին և հայոց անպարտ բանակին…

Հ.Գ Կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներին գործընթացը կազմակերպելու համար:

  • Կիսվել: