Ծանր երեխա կամ երեխայի հետ եղած ծնող այս պահին չունենք․ նախարար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված ռիսկի խմբում երեխաներին ներառելը եղել է ԱՀԿ-ի խորհրդով, քանի որ աշխարհում չնայած փոքր թվով, բայց երեխաների մահվան դեպքեր ևս արձանագրվել են։ Ըստ Թորոսյանի, այդ մահացած երեխաներն ունեցել են թույլ իմունիտետ: Սա պատճառ է հանդիսացել, որ շատ ուշադիր լինեն հատկապես քիմիոթերապիա ստացող կամ իմունային անբավարարություն ունեցող երեխաների նկատմամբ։
«Նույնիսկ մեր թեստավորման չափանիշներում երեխաները հատուկ տեղ ունեն»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայաստանում երկու ամսաական երեխայի առողջական վիճակին, որի մոտ ևս հայտնաբերվել էր կորոնավիուսային վարակ, նախարարը հայտնեց, որ երեխայի վիճակը լավ է, ծանր վիճակում գտնվող այլ վարակված երեխա չկա։
«Մենք մշտապես ուշադիր ենք բոլոր երեխաների նկատմամբ, սակայն հատկապես այս օրերին պետք է առավել քան ուշադիր լինենք իմունային անբավարարություն ունեցող կամ քիմիաթերապիա ստացող երեխաների նկատմամբ։ Թեստավորման չափանիշներում երեխաները հատուկ տեղ ունեն։ 2 ամսական երեխայի վիճակը լավ է, հակառակ տեղեկատվություն չունեմ։ Ծանր երեխա կամ երեխայի հետ եղած ծնող մենք այս պահին չունենք»,- նշեց նա։
Արսեն Թորոսյանը նաև ասաց, որ կորոնավիրոսով վարակված դպրոցահասական երեխաների շրջանում ծանր վիճակում գտնվող անձ չկա, նրանք նույնպես լավ են։


