ՑԱԽԱԼ-ը հայտնել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի զինյալին ոչնչացնելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման վաշտի հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի «Նուխբա» հատուկ նշանակության ստորաբաժանման զինյալին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Իսրայելի պաշտպանության բանակը Խան Յունիս շրջանում հասցված հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» ռազմական թևի վաշտի հրամանատար Մուհամմեդ Աբու Շալուֆին, որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ներթափանցել էր Իսրայելի տարածք։ Խան Յունիսի շրջանում մեկ այլ հարվածի հետևանքով ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի «Նուխբա» հատուկ նշանակության ուժերի զինյալ Մուսա Աթեֆ Աբու Դանը»:
Նշվում է նաև, որ վերջիններն օրերս հարձակումներ են իրականացրել ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ և փորձել են վերականգնել զինված խմբավորումների մարտունակությունը՝ այդպիսով պարբերաբար խախտելով հրադադարի համաձայնությունը։
ՑԱԽԱԼ-ը նշել է, որ հարվածներից առաջ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական բնակչության շրջանում հնարավոր վնասը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։


