Տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով անցնում են. ՌԴ ԱԳՆ
Հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկը եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունն է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ: Այս մասին ասված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է՝ այս ձևաչափով ութ հանդիպումների արդյունքում ներկայացվել է զեկույց, որում նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային հստակ երթուղիներ՝ վերականգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապը՝ ելքով դեպի հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցություններ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և կներգրավի լրացուցիչ ներդրումներ։
Այդպիսով, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Ռուսաստանի և Հայաստանի համար «Հյուսիս-հարավ» միջազգային զարկերակի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նաև ասված է. «Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո, որն ուռճացվում է ԶԼՄ-ներում, կարևոր է հատկապես այն, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»:


