ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թրամփը կարծում է, որ Չինաստանը ցանկանում է տեսնել իր պարտությունը

Թրամփը կարծում է, որ Չինաստանը ցանկանում է տեսնել իր պարտությունը

ԱՄՆ-ի նախագահը հաճախ է կրկնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Չինաստանի կառավարության նկատմամբ քննադատությունները:

Չորեքշաբթի օրը Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդուարդզի հետ հանդիպման ժամանակ նորից Թրամփն ասաց, թե ԱՀԿ-ը «Չինաստանի երգեհոնն է», գրում է Ամերիկայի ձայնը։

Հիշեցնենք, որ Թրամփն ապրիլի կեսին դադարեցրեց կազմակերպությանը ԱՄՆ-ի կողմից փոխանցվող հատկացումները, ինչն ամեն տարի կազմում էր մոտ կես միլիարդ դոլար: Թրամփը շարունակում է պնդել, որ ԱՀԿ-ը կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանի տեսակետները հաստատելու դիրքեր է ընդունել, Չինաստանից չի վերցրել վիրուսի նմուշներ եւ մեծ սխալ է թույլ տվել, երբ դատապարտել է ճամփորդությունների վրա սահմանափակումներ դնելու հարցը:

Նախագահն ասել է նաեւ, թե ինքը վստահ է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի քաղաքականությունն ապացուցում է, որ Պեկինն ամեն ինչ կանի ընդդեմ նոյեմբերյան ընտրություններում իր հաղթանակի:

Թրամփը պարբերաբար է քննադատում Չինաստանին կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի համար, որը միայն ԱՄՆ-ում խլել է 60 հազար կյանք ու երկրի տնտեսությունը մտցրել խորը ճգնաժամի մեջ, այսպիսով վնասել վերընտրվելու իր հնարավորությունները: Նա կարծում է, որ Պեկինն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կցանկանար տեսնել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդընին, որպեսզի մեղմվեն առեւտրի ու այլ հարցերի շուրջ Չինաստանի նկատմամբ իր կողմից սկսված ճնշումները:

  • Կիսվել: