երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տպավորություն է ստեղծվում, որ դուք ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետն եք մեր խորհրդարանում. Կոնջորյանը՝ Թևանյանին

Տպավորություն է ստեղծվում, որ դուք ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետն եք մեր խորհրդարանում. Կոնջորյանը՝ Թևանյանին

«Ամիսներ առաջ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից օրեր անց ԱԺ-ն ընդունել է հայտարարություն այս հարցի շուրջ, մենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ փորձ ենք կատարել համագործակցել, որպեսզի ունենանք միասնական հայտարարության տեքստ, որը ցավոք սրտի չի հաջողվել:

Ըստ էության, այս հայտարարությունն իր բովանդակությամբ էականորեն չի տարբերվում այն նույն հայտարարության տեքստից, որն ընդդիմությունը ներկայացրել էր նախորդիվ իմ նշած ժամանակահտվածում, այնպես որ ես կարծում եմ՝ այս հայտարարության նախագիծը չի լուծում այն խնդիրները, որոնց մասին հրապարակայնորեն պնդումներ անում է ընդդիմությունը»,- այս մասին ԱԺ այսօրվա նիստում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հայտարարություններին՝ Կոնջորյանն ասաց. «Պարոն Թևանյան, դուք նորից այստեղ, այս ամբիոնից՝ խոսելով ղարաբաղյան հարցի մասին և ընթացիկ անվտանգային իրավիճակի շուրջ, ըստ էության, հանդես եք գալիս Իլհամ Ալիևի պաշտպանության դիրքերից: Իհարկե, դժվար է արդեն անտեսել ձեր ընդգծված խանդաղատանքն Իլհամ Ալիևի նկատմամբ, բայց մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ դուք ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետն եք մեր խորհրդարանում և ամեն անգամ գալիս ու այստեղ առաջ եք մղում այդ նույն թեզերը: Դուք ասում եք ՔՊ-ն պատերազմի կուսակցություն է, մենք խոսում ենք խաղաղությունից, դուք մեզ ասում եք պատերազմի կուսակցություն, մենք փորձում ենք մեր բոլոր արտաքին քաղաքական գործիքակազմերով այնպես անել, որ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը լինի կայուն, դուք ձեր սադրիչ խոսույթով և տեքստերով ընդհակառակը՝ փորձում եք տարբեր սադրանքներ գեներացնել և հետո ստացվում է, որ ՔՊ-ն է պատերազմի կուսակցություն, կամ երբ դուք գալիս եք մանտրայի պես կրկնում եք ԼՂ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ձեր թեզերը, մենք եթե քաղաքական հիշողություն չունենանք, կմոռանանք, որ դուք ներկայացնում եք այն մարդու խմբակցությունը, ով ժամանակին բանակցում էր ընդհանուր պետության շուրջ՝ համաձայն որի ԼՂ հայությունը պետք  է ունենար ադրբեջանական անձնագրեր: Ես խնդրում եմ մի մոռացեք պատմությունը, որովհետև մենք չենք մոռանում և անընդհատ հիշեցնելու ենք ձեզ»:

  • Կիսվել: