ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տիկին Զոհրաբյան, անկեղծ ասած, մի քիչ չեմ հավատում տատիկի պատմությանը. Սիսակ Գաբրիելյան

Տիկին Զոհրաբյան, անկեղծ ասած, մի քիչ չեմ հավատում տատիկի պատմությանը. Սիսակ Գաբրիելյան

«Ես ձեզ մարտահրավեր եմ նետում, եկեք ընդմիջմանն իրար հետ Չինաստանի շուկաններն ուսումնասիրենք, եթե դուք այնտեղ 0,33 ցենտից էժան դիմակ կգտնեք, ես կհամաձայնեմ ձեզ հետ, որ Հայաստանում, տիկին Զոհրաբյանի ասած, գերշահույթ են ապահովում դեղատները»,- այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբացության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած հարցին, թե դեղատները գերշահույթ են ապահովում, քանի որ այնտեղ դիմակները վաճառում են 200-250 դրամով, սև ձեռնոցները՝ 100 դրամ, իսկ այլ գույնի ձեռնոցները՝ 60-80 դրամ:

Նա նշեց, որ ուսումնասիրել է ամբողջ չինական շուկան։ «Ամենաէժան դիմակը, որը կրում եք և որն, ի դեպ, անվճար ստացել եք ԱԺ մտնելուց, դրա ինքնարժեքը 0,33 ցենտ է՝ մոտավորապես 150-160 դրամ»,- նշեց պատգամավորը։

Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ նաև Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած այն խնդրին, թե իրեն գրել է 78 ամյա մի տատիկ, որը դուրս է եկել իրենց գյուղի դիմաց կանաչի վաճառելու, տեղեկանք չի ունեցել և 100 հազար դրամ տուգանվել է։

«Տիկին Զոհրաբյան, անկեղծ ասած, մի քիչ չեմ հավատում տատիկի պատմությանը։ Չեմ ասում, որ դուք եք խաբում, բայց երկու պատճառով չեմ հավատում: Որովհետև մարդն իր տան դիմաց գնալու համար տեղաշարժման թերթիկ պարտավոր չէր լրացնել: Ասենք՝ դա նույնն է, որ հյուրասենյակից ննջասենյակ գնաս։ Ավելին ասեմ, գյուղատնտեսական արտադրության ապրանքի վաճառքը, որքանով հիշում եմ, երբևէ արգելված չի եղել։ Խնդրում եմ, տատիկի հեռախոսահամարը տվեք, ես կապվեմ իր հետ, տեսնեմ, տատիկը ոնց կարար կանաչի ծախելու համար տուգանվեր, եթե այդ գործունեության տեսակը արգելված չի եղել»,- ասաց նա:

Սիսակ Գաբրիելյանը նաև ասաց, որ մինչև այս տարվա վերջ դիմակներ ներկրելը  մաքսատուրքերից ազատված է:

Նա դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին, նշեց. «Պարոն Մելքումյան, ասում եք՝ պետությունն ինչ է անում։ Այսինքն, պետությունն իր քայլը արել է, որի արդյունքում դիմակների գինն այսօր ոչ թե 300 դրամից ավելի է, այլ 200-250 դրամի սահմաններում»:

 

  • Կիսվել: