Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի դիմակի վիճակը, եթե մի հատ էլ լվանան. Զոհրաբյան
ԱԺ արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է կառավարությանը սոցիալապես անապահովներին ապահովել անվճար դիմակներով:
«Առավոտյան Ազգային ժողով եկել եմ՝ կենտրոնի դեղատներում շրջայց կատարելով: Դիմակների գները սկսվում են 220 դրամից մինչև 260 հազար դրամ: Ձեռնոցները՝ սևը՝ 100 դրամ, երևի էլիտար է, այլ գույնի ձեռնոցները՝ 60-70 դրամ: Հարգելի կառավարություն, պետք չէ ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա: Ես վստահ եմ, որ աղքատությունը մեզանում շատ ավելին է, քան պաշտոնական արձանագրել եք՝ իջեցնելով հասցրել 24-25 տոկոս: Բայց գոնե աղքատության այդ շկալայում ներառված սոցիալապես անապահովներին, գոնե սոցիալական թիրախային խմբերում գտնվող թիրախային մարդկանց ապահովեք դիմակներով: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի այդ դիմակի վիճակը, եթե մի հատ էլ իրեն լվանան օրվա մեջ, այն 100 անգամ ավելի վտանագավոր կլինի, քան ընդհանրապես դիմակ չկրելը: Հիմա ասում եք՝ տանը կարեք, եկեք ընտանեկան մանուֆակտուրաներին էլ զարկ տանք, դա արդյոք լուծելո՞ւ է խնդիրը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի։
Նաիրա Զոհրաբյանը նաև հարց բարձրացրեց, թե որն է ՏՄՊՊՀ-ի գործառույթն այս պայմաններում։
«Ո՞րն է ՏՄՊՊՀ-ի գործառույթը, արդյոք նաև այն չէ, թե ինչու են դեղատներում նման գերշահույթներ ստանում։ Եթե նախկինում դիմակները վաճառվում էին 30-40 դրամով, այդ մարդիկ հաստատ բարեգործություն չէին անում, իրենց շահույթն ունեին։ Հիմա պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են նրանք ստանում նման գերշահույթներ։ Այո, համաձայն եմ, որ այսօր մենք գտնվում ենք պատերազմական վիճակում՝ համաճարակին դեմ հանդիման։ Հիմա մարդիկ, որոնք դեղատներին մատակարարում են դիմակներ, արդյոք պիտի իրենց գերշահույթներից գոնե մասամբ հրաժարվեն, թե՝ ոչ», - ասաց նա։
Նաիրա Զորհրաբյանը նաև գտնում է, որ նախկին անհամաչափ տուգանքները՝ 100-250 հազար դրամ, պետք է չեղարկվեն։
Նշենք, որ մինչ ելույթը պատգամորը դիմել հարցը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին՝ նշելով, որ նախագծում բերված «դիմակի առկայություն» ձևակերպումը հերթական խառնաշփոթն է առաջացնելու:
«Ոչ բոլորն են հոմանիշների բառարանին այդպես լավ տիրապետում: Խնդրում եմ հստակեցրեք, քանի որ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը նորից պատկերացնելու է, որ բաց տարածքներում դիմակները կրելը պարտադիր է։ Հստակեցրեք, որ «դիմակի առկայություն» արտահայտությունը նշանակում է, որ բաց տարածքներում քաղաքացին ընդամենը պետք է ունենա իր մոտ դիմակ, բայց պետք է կրի փակ տարածքներում»։
Անդրադառնալով տուգանքներին՝ պատգամավորն ասաց, որ իրեն գրել է 78 ամյա մի տատիկ, որը դուրս է եկել իրենց գյուղի դիմաց կանաչի վաճառելու, տեղեկանք չի ունեցել և 100 հազար դրամ տուգանվել է։ «Դա աբսուրդային անհամաչափ է»,- նշեց նա։
Պատգամավորը ներկայացրեց մեկ այլ օրինակ, երբ քաղտեխնոլոգը թերթիկում օրը շփոթել է՝ ապրիլի 14-ի փոխարեն 13 է գրել և տուգանվել180 հազար դրամով
Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց արդարադատության նախարարին՝ նախկինում սահմանված նման աբսուրդային անհամաչափ տուգանքները, չեղարկվելու են, թե ոչ։
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ասաց, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենալու:


