Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքում նկատած խնդիրներն ու բացերը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների բարելավման, նոր կանոնակարգումներ ներառելու կարիք է տեսնում: Մուկուչյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021 թվականների հաղորդման ներկայացմանն՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Հովակիմյանի հարցին, թե ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել Ընտրական օրենսգրքում պրակտիկ կիրառումից, ընտրություններից հետո:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ մինչև այսօր էլ լինում են դեպքեր, երբ դիմում են խնդրանքով՝ տրամադրելու, օրինակ, մասնակցության վերաբերյալ 2017-ի անվանական ցուցակները: Մուկուչյանը, նկատի ունենալով, որ այդ ցուցակները պարունակում են որոշակի անհատական տվյալներ, որոշակի կանոնակարգումների արձանագրումն անխուսափելի համարեց:
«Մենք օրենսդրորեն ամրագրեցինք, որ նրանք կարող ենք հավատարմագրվել էլեկտրոնային եղանակով: Միայն նախատեսել ենք այդ եղանակը, սակայն, կարծում եմ, ընտրական գործընթացներում, միշտ պետք է ունենալ այլընտրանքային լուծում, երբևէ հնարավոր չէ խույս տալ հնարավոր խնդիրներից»,-ասաց Մուկուչյանը:
Որոշակի նկատառումներ կան նաև նախընտրական քարոզչության հետ կապված կանոնակարգումներում:
«Նոր կանոնակարգումներով ներառել ենք նաև ինտերնետ տիրույթը, որի պարագայում առկա գործիքակազմով պայմանավորված՝ ամբողջի մոնիթորինգ անելը, առավել ևս՝ պատասխանատվության միջոցներ կիրառելը, հաճախ անհնար է»,-ասաց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ հաճախ Հայաստանի տարածքից դուրս կարող են իրականացվել Ընտրական օրենսդրության պահանջների խախտումներ: