ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Տիգրան Մուկուչյանը՝ հենաշարժական խնդիրներ ունեցողների համար մատչելի տեղամասերի գործիքի մասին

Տիգրան Մուկուչյանը՝ հենաշարժական խնդիրներ ունեցողների համար մատչելի տեղամասերի գործիքի մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր 2 տարին մեկ պետք է ներկայացնի նախորդ ժամանակահատվածի վերաբերյալ հաղորդում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց, որ այն սահմանված կարգով կազմվել և ուղարկվել է Ազգային ժողով:

«Նշված ժամանակահատվածում ԿԸՀ-ի կողմից նշանակված հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներն են իրականացվել, կազմակերպվել են ՏԻՄ ընտրություններ և ԱԺ արտահերթ ընտրություն»,- ասաց Մուկուչյանը:

Խոսելով կատարված աշխատանքների մասին՝ Մուկուչյանը հիշատակեց հենաշարժական խնդիրներ ունեցողների համար մատչելի տեղամասերի գործիքը:

«Տարբեր կոմպոնենտներով տեղեկություն է տրվում տեղամասային կենտրոնի մասին և ընտրությունների ժամանակ արդեն քարտեզի վրա տեղադրվում էին ոչ միայն տեղամասային կենտրոնները, այլ նաև համապատասխան տեղեկատվություն տեղամասային կենտրոնների մատչելիության վերաբերյալ: Այս գործիքը հնարավորություն կտա կյանքի կոչել ընտրական օրենսգրքի փոփոխութուններով ամրագրված մի կարևորագույն ինստիտուտ:

Քանի որ մենք հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն ենք տվել փոխելու իրենց տեղամասը, սա լրացուցիչ տեղեկություն է նրանց տրամադրելու, թե այն տեղամասը, որտեղ նրանք ընդգրկված են, որքանով է համապատասխանում մատչելիության պայմաններին և միաժամանակ հուշելու, թե մոտակա տեղամասերից որն է  ավելի մատչելի»,- ասաց Մուկուչյանը:

  • Կիսվել: