կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Տեղին չեն այն մտահոգությունները, որ ծանր վիրավորանքը  քրեականացվել է կոնկրետ ինչ-որ անձանց պաշտպանելու համար․ Գլխավոր դատախազ

Տեղին չեն այն մտահոգությունները, որ ծանր վիրավորանքը քրեականացվել է կոնկրետ ինչ-որ անձանց պաշտպանելու համար․ Գլխավոր դատախազ

«Բացարձակապես տեղին չեն այն մտահոգությունները, որ ծանր վիրավորանքը  քրեականացվել է կոնկրետ ինչ-որ անձանց պաշտպանելու համար։ Ո՛չ, այս արարքը քրեականցվել է ամբողջ հանրությանը պաշտպանելու համար, որպեսզի հանրությունը պաշտպանված լինի հայհոյանքից, ատելության խոսքից, որի հանցածին նշանակությունը ոչ ոք չի կարող վիճարկել»,-  ԱԺ-ում այսօր այս մասին հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի պատասխան  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն դիտարկմանը, թե  հանրության շրջանում հարցեր են սկսել առաջանալ, որ  ծանր վիրավորանքի համար քրեական գործեր են հարուցվում միայն այն դեպքում, երբ դրանք ուղղված են լինում  իշխանության ներկայացուցիչներին։ 

«Բացեք մինչև օգոստոս ամիսը  և նայեք մեր հրապարակային հանրային խոսքի որակը և օրինակ այսօր։ Ակնհայտորեն մենք  տարբերություն  ունենք»,- նշեց Արթուր Դավթյանը , ընդգծելով, որ այս դեպքում  պետք էր, որ պետությունն իր ամենավերջին խիստ մեխանիզմը կիրառեր։ 

Խոսելով  հարուցված քրեական գործերի վիճակագրության մասին՝ Դավթյանը նշեց․ «802 քրեական գործ է հարուցվել մինչև հիմա։ Դրանցից 425-ը հարուցվել են  137․1 հոդվածի առաջին մասով ՝ մասնավոր մեղադրանքի գործեր են։  Այսինքն՝ առնվազն կեսից ավելին մասնավոր, կենցաղային գործողություններում առաջացած դեպքեր են եղել, հարևանը՝ հարևանին, ընտանիքի անդամը մյուսին և մարդը իրեն պաշտպանելու համար եկել և հաղորդում է տվել»։ 

Ըստ Գլխավոր դատախազի, հարուցված քրեական գործերի մյուս մասը  հանրային մեղադրանքի գործեր են․« Թիրախները հանդիսացել են  գործող պաշտոնյաները, նախկին պաշտոնյաները,  իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմության ներկայացուցիչներ, լրագրողներ։ Պատկերը շատ ընդհանրական է»։ 

Ջուլհակյանը  Դավթյանին հարց ուղղեց նաև հանրության շրջանում մեծ հնչեղություն ստացած քրեական գործերի մասով, օրինակ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող տան վաճառքի վերաբերյալ․  «Ընդամենը  օրեր առաջ ԱԺ  պետաիրավական հանձնաժողովում շատ մանրամասն անդրադարձել եմ այդ հարցին։  Փաստը կայանում է նրանում, որ մեր գնահատմամբ, մեր ուսումնասիրությունների արդյունքում  կարճ ժամանակահատվածում  գործող պրակտիկայից դուրս  վարքագիծը վկայեց այն մասին, որ այդտեղ կարող են հանցավոր դրսևորումներ տեղի ունենալ , դրա համար  այդ փաստով հարուցվել է քրեական գործ և ԱԱԾ-ի  վարույթում պաշտոնական դիրքի չարաշահման մասով իրականցվում է  նախաքննություն»։

  • Կիսվել: