հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարության եռակի խախտում

Տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարության եռակի խախտում

Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։

Նրա խոսքով՝ միաժամանակ տեսնում ենք ԼՂ հետ շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Հիշեցնելով Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի հետևանքով արցախցի երեք ոստիկանի սպանությունը՝ Փաշինյանն արձանագրել է. «ՌԴ ՊՆ-ն մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի արձանագրողն ադրբեջանական կողմն է։ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։ Այս առումով հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում»։

Վարչապետը նաև նշել է, որ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության եռակի խախտում. «Խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն ԼՂ շփման գիծը, այլև Լաչինի միջանցքի 5 կմ-անոց գոտին»։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։

«Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ–ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա։ Մեր գնահատականը շարունակում է նույնը մնալ` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ սա առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ, որտեղ հստակ արձանագրվում է, որ Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքների։

Ըստ նրա՝ սա արձանագրված է նաև ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ. «Կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ ՀՀ-ն միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այս առումով ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ»։

  • Կիսվել: