Տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն» խորագրով քննարկում
Երեւանում մայիսի 26-ին մեկնարկել են «Երեւանյան երկխոսություն 2025» միջազգային երկրորդ համաժողովի աշխատանքները: Համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն» խորագրով քննարկում շուրջ 15 երկրների խորհրդարանականների, ինչպես նաեւ դիվանագիտական ներկայացուցիչների ու ՀՀ ԱԺ պատագամավորների մասնակցությամբ:
Քննարկման համակարգող, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ քննարկման նպատակն է խթանել երկխոսությունը, ստեղծել համագործակցային միջավայր, որտեղ մասնակիցները կարող են ներկայացնել իրենց երկրների լավագույն փորձը, փոխանակել մտքեր, որոնք կօգնեն հաղթահարել գործող մարտահրավերներն ու խոչընդոտները:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը քննարկման բացման ելույթում ընդգծել է երկխոսության կարեւորությունն ու անհրաժեշտությունը: «Այս միջոցառումն արտացոլում է արագ փոփոխվող աշխարհում երկխոսությունը, վստահությունը եւ գործնական լուծումները՝ խթանելու մեր համատեղ հանձնառությունը: Մենք այստեղ ենք հուսադրող վերնագրի ներքո՝ «Խաղաղության խաչմերուկ. ժողովրդավարության միջոցով դեպի բարգավաճում եւ անվտանգություն»: Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի կառավարության նախաձեռնությունն է վերաիմաստավորել Հարավային Կովկասը ոչ թե որպես հակամարտության մշտական թատերաբեմ, այլ՝ որպես համագործակցության խաչմերուկ: «Հայաստանի համար սա ավելին է, քան պարզապես թեմա. այն տեսլական է, ռազմավարություն եւ պարտավորություն: ՀՀ կառավարությունը սկսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես գործնական, խաղաղ եւ ապագային միտված նախաձեռնություն»,- ասել է Սարգիս Խանդանյանը: Նրա խոսքով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կոնկրետ, իրատեսական ծրագիր է՝ տարածաշրջանում վերաբացելու եւ կառուցելու նոր ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էներգետիկ եւ կապի ենթակառուցվածքներ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նախագիծը հիմնված է չորս առաջնորդող սկզբունքների վրա՝ ինքնիշխանություն, իրավասություն, փոխադարձություն եւ հավասարություն: Նրա դիտարկմամբ սրանք այն կարեւոր սկզբունքներն են, որոնք կարող են տարածաշրջանային կապը ոչ միայն հնարավոր, այլեւ կայուն դարձնել:
Քննարկման ընթացքում ելույթ են ունեցել Չեխիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Մոնտենեգրոյի, Ուկրաինայի խորհրդարանների ներկայացուցիչները: Նրանք ողջունել են նման ձեւաչափով քննարկումները՝ կարեւորվելով Հայաստանում ժողովրդավարական արժեքների եւ ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ ներկայացրել են իրենց տարածաշրջաններում խաղաղությանը եւ համագործակցությանն ուղղված ջանքերը: Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերում:
Ամփոփելով՝ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկում ծավալելու, իրենց օգտակար դիտարկումներն ու հաջողված փորձը ներկայացնելու համար: