ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տեղեկատվական դաշտում համառորեն գեներացվում են հակառուսական տրամադրություններ. Աբովյանը՝ Նավալնիին եթեր տրամադրելու մասին

Տեղեկատվական դաշտում համառորեն գեներացվում են հակառուսական տրամադրություններ. Աբովյանը՝ Նավալնիին եթեր տրամադրելու մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երկար ժամանակ է՝ Հայաստանում փորձեր են արվում մարդկանց մոտ գրգռել հակառուսական տրամադրություններ։ Նա մասնավորապես նշել է, որ Հանրայինի՝ Նավալնու մասնակցությամբ ռեպորտաժը կարելի է նվազագույնը դասել որպես խայտառակ հակապետական քայլ, սակայն այդ մի դրվագով հակառուսական թրենդը հայկական հանրային դաշտում չի եզրափակվում։ Աբովյանի գրառումը՝ ստորև․

«Ակնհայտ նկատվում է, թե ինչպես տեղեկատվական դաշտում համառորեն գեներացվում են հակառուսական տրամադրություններ։

Իհարկե, Հ1-ի Նավալնու հետ սյուժեն կարելի է նվազագույնը դասել որպես խայտառակ հակապետական քայլ, սակայն այդ մի դրվագով հակառուսական թրենդը հայկական հանրային դաշտում չի եզրափակվում։

Գաղտնիք չէ,որ արդեն շատ երկար ժամանակ Հայաստանում փորձեր են արվում մարդկանց մոտ գրգռել հակառուսական տրամադրություններ, ընդ որում` օգտագործվում են բավականին լայն տեղեկատվական ազդեցության մեխանիզմներ, սկսած` տարատեսակ «գունավոր» ՀԿ-ների ծրագրերից, վերջացրած լայնածավալ գործակալական ցանցի ալիքաձև ակտիվությունից։

Հասկանալի է, որ հակառուսական տրամադրությունները խիստ ձեռնտու են թուրք֊ադրբեջանական տանդեմին, որը շատ լավ հասկանում է Հայաստանի խոցելիության մակարդակը, իսկ եթե սրան գումարենք արևմուտքի հավերժ պայքարը Ռուսաստանի դեմ, ապա պատկերը դառնում է առավել քան հասկանալի։

Հայաստանի ինքնիշխանությունը բնավ չի նշանակում հայ-ռուսական հարաբերությունների մեջ լարվածության գեներացում, դա ճիշտ հակառակն է, գնալով հակառուսական թրենդի ետևից` Հայաստանը հաստատ դրսևորում է ինքնիշխանության նվազեցում, և դա անհերքելի է։

Եթե որոշ մարդիկ կարծում են, որ լարելով հակառուսական տրամադրություններ` բարձրացնում են Հայաստանի ինքնիշխանության մակարդակը, ապա այդ մարդիկ կա՛մ հիմար են, կա՛մ գործակալ, կա՛մ երկուսն էլ միաժամանակ։

Ախր ո՞նց բացատրել դրանց,որ հասկանան իրավիճակի ողջ լրջությունը»։

Հիշեցնենք, որ Հանրային ՀԸ-ն ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով մոտ 3 րոպե տևողությամբ ռեպորտաժ էր պատրաստել, որում ներառված էր նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձից մի հատված՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հորինվածք է, որը ծածկում է գլխավորը՝ Պուտինի ժամկետի զրոյացումը։

Փոփոխությունների շրջանակում ամեն ինչի մասին գովազդում են, նույնիսկ՝ կատուների իրավունքների, բայց ոչ Պուտինի ժամկետի զրոյացման։ Եթե ուզում եք ձեր քաղաքացիական քայլով օգտակար բան անել, ոչ թե գնացեք քվեարկության, այլ պատմեք մարդկանց ճշմարտությունը, թե իրականում ինչ է տեղի ունենում»։

  • Կիսվել: