երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ճգնաժամերի այսպիսի փունջ Հայաստանն անկախության տարիներից հետո երբեք չի ունեցել»․ «Փաստ»

«Ճգնաժամերի այսպիսի փունջ Հայաստանն անկախության տարիներից հետո երբեք չի ունեցել»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Գործող իշխանությունը վստահություն վերականգնելու և նորմալ իշխելու ռեսուրս այլևս չունի: Իսկ նման պարագայում երկու սցենար է հնարավոր: Մեկը՝ կհեռանան, մյուսը՝ երկիրը կլճացնեն՝ բռնապետական երանգներ տալով: Երբ չունես վստահություն, ստիպված ես ուժային ապարատը գործի դնել, որը ևս անսահման ռեսուրս չէ, և մի օր ոստիկանների համբերությունը սպառվելու է: Ուստի կարծում եմ, որ իշխանությունը շուտով կհեռանա: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանի դիտարկումն է, որի հետ զրույցում քննարկել ենք ներքաղաքական խնդիրներից բխող մի շարք հարցեր՝ դիտարկելով նաև հրաժարականի պահանջներն ու իշխանության վարքագիծը: Իսկ այս պահին ժամանակ ձգելո՞ւ, թե՞ իրականությունը չընկալելու խնդիր կա:

«Նիկոլ Փաշինյանի գործողությունները մեկնաբանելու համար քաղաքագետ-միջազգայնագետ լինելը բավարար չէ: Հոգեբանական կրթություն է հարկավոր, քանի որ նրա շատ որոշումներ ոչ թե ռացիոնալ տիրույթից են, այլ բնազդային-հոգեբանական, որոնք հիմնված են վախերի և կոմպլեքսների վրա: Կարող է լինել իներցիայի գործոն, ու անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որ «լավ օրերի» իներցիան դադարի, և հրաժարականի որոշումը կայացվի: Այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունն այնպիսի ճգնաժամի առաջ է, որ անպայման գնալու է: Խնդիրը ժամկետներն են»,-ասում է Դ. Մաթևոսյանը: Մեր զրուցակցի խոսքով, իշխանության հենարանները, երևի, երեքն են. «Առաջինը սեփական թիմն է, որի անդամները կորցնելու են իրենց կայուն եկամուտները հրաժարականի դեպքում, ուստի պատրաստ են պայքարել մինչև վերջ:

Երկրորդն ուժային ապարատն է, որն առայժմ կատարում է իշխանության հրահանգները: Երրորդը հասարակության այն շերտն է, որի համար նախընտրելի է ջախջախվող պետություն ունենալ, միայն թե «նախկինները» չգան: Վերջիններս հասարակության ցածր շերտերն են, որոնք ոչ ընտրական ակտիվ քաղաքական գործընթացների վրա սովորաբար չեն ազդում: Եթե երկրորդ հենարանը՝ ուժայինները, ճեղք տան, ապա նույն օրը տեղի կունենա իշխանափոխությունը»:

Անդրադառնալով առկա ճգնաժամին ու դրա ուղղություններին՝ Դ. Մաթևոսյանը նշում է. «Հայաստանը հիմա տասնյակ ուղղություններով ճգնաժամի մեջ է: Մի քանիսը թվարկեմ. անվտանգային (սահմանային ապահովման հարցեր, արցախահայության գոյությունը), քաղաքական (իշխանությունը կորցրել է լեգիտիմությունը, խորհրդարանը չի արտահայտում քաղաքական իրավիճակը), կառավարման (պետական համակարգը պարալիզացված է):

Այնուհետ՝ սոցիալական (փախստականներ, արցախահայության կենսապահովման ենթակառուցվածքներ), տնտեսական (առևտրաշրջանառության, տնտեսական ակտիվության մեծ անկում), հումանիտար (տասնյակ հազարավոր վիրավորներ), առողջապահական (համակարգի գերբեռնվածություն), վստահության (ում վստահել, ում՝ ոչ), ինքնության (ո՞վ ենք մենք առանց Արցախ) և այլն: Ճգնաժամերի այսպիսի փունջ Հայաստանը անկախության տարիներից հետո երբեք չի ունեցել: Մասշտաբներն այնքան մեծ են, որ որևէ առանձին վերցրած քաղաքական ուժ ի վիճակի չէ հաղթահարել այն: Անհրաժեշտ է մեծ կոնսոլիդացիա, որն առայժմ քիչ թե շատ տեսանելի է միայն հրապարակում:

Բայց դա կոնսոլիդացիա է ընդդեմ Փաշինյանի: Երբ Փաշինյանը գնա, նույն միասնականությունը չի կարող պահպանվել: Այդ ժամանակ արդեն կարևոր կլինի, թե կառավարությունը որքանո՞վ կկարողանա տարբեր խմբերի շահերը համատեղել և օգտագործել ի նպաստ պետության վերակառուցման»: Դավիթ Մաթևոսյանի խոսքով, մենք հանգել ենք մի իրականության, երբ կորսվել է մի ամբողջ ժողովրդի 30 տարվա աշխատանքը: «1988 թ.-ից մինչ 2020 թ.-ը Հայաստանի Հանրապետությունն իմաստավորվում էր Արցախով: Հիմա դա այլևս չկա, կորսված է: Կորստի մասշտաբներն անհնար է գերագնահատել»,-ասաց նա՝ շեշտելով, որ գործող իշխանությունը ճիշտ չգնահատեց արտաքին վտանգները, ադեկվատ չարձագանքեց:

Ինչ վերաբերում է վերոնշյալ խնդիրներից բխող վտանգներից ու արդեն առկա հետևանքներից գոնե հնարավորինս քիչ վնասներով դուրս գալու ուղիներին, Դավիթ Մաթևոսյանը մի քանի կարևոր բաղադրիչ առանձնացրեց. «Արդեն նշեցի, որ մենք բազմաթիվ ճգնաժամերի մեջ ենք հիմա: Դրանից կարող է դուրս գալ միայն այն պետությունը, որն ունի ադեկվատ իշխանություն, որի շուրջ համախմբված է հասարակությունը: Ռեսուրսներ գտնելու համար պետք է դարձյալ դիմենք Սփյուռքին և մեր դաշնակիցներին: Աշխատանքի առաջին ուղղությունը անվտանգության ապահովումն է, սահմանային հարցերը, բանակի կարգավորումն ու սպառազինության վերականգնումը:

Երկրորդը սոցիալական-հումանիտար հարցերն են, պատերազմի հետևանքների վերացումըմեղմումը: Երրորդն էլ արդար և օրինական արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, որն արդեն կձևավորի մանդատ ունեցող կառավարություն, որն էլ կկարողանա լուծել պետության երկարաժամկետ խնդիրները: Այդ երեք քայլերը ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարող անել: Բոլորը միասին էլ գուցե չկարողանան: Բայց երկիրն այս վիճակից դուրս բերելու միակ ճանապարհը համագործակցությունը և համախմբվածությունն է»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: