ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տավուշի մարզում կբացվի ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր

Տավուշի մարզում կբացվի ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

Գյուղատնտեսական կրթահամալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թ. սեպտեմբերին՝ «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Հիմնադրամում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները. ուսումնական գործընթացում կներգրավվեն նաև ֆրանսիացի դասախոսներ: Կրթահամալիրում ուսուցումն իրականացվելու է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, կտեղայնացվեն նաև ֆրանսիական կրթական չափորոշիչներ և ֆրանսիական մանկավարժական մեթոդներ: Ֆրանսիայի հայկական հիմնադրամը նախատեսում է կատարել հետևյալ ներդրումները՝

  •  դասախոսական անձնակազմի վերապատրաստում մասնագիտական և մանկավարժական ծրագրերով,
  •  ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի մասնակի համալրում,
  •  շենքային պայմանների որոշակի բարելավում, 
  •  շենքի մշտական ջրամատակարարման ապահովում՝ խմելու ջրի ռեզերվուարների տեղադրմամբ,
  •  ճաշարանի կազմակերպում՝ տարածքի վերանորոգման և կահավորման ընդգրկմամբ,
  •  հանրակացարանի կահավորում, սանհանգույցների վերափոխում և կապիտալ վերանորոգում,
  •  քիմիայի և կենսաբանության, ֆիզիկայի ժամանակակից լաբորատորիաների ստեղծում,
  •  ագրոգործիքների արհեստանոցի ստեղծում,
  •  25-տեղանոց ուսանողական ավտոբուսի ձեռքբերում,
  •  մարզասրահի և ուսանողների ժամանցի սրահի ստեղծում:                                                                         

Հիմնադրամի ստեղծման վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» առաջարկը, այն է՝ օգտագործել Իջևան քաղաքում գտնվող Տավուշի տարածաշրջանային քոլեջի շենքային պայմանները և Լուսաձոր համայնքում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առկայությունը, որը որոշ մասնագիտությունների համար կծառայի որպես ուսումնական բազա:

Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի վերակազմակերպումից և հիմնադրամ դառնալուց հետո հաստատությունում կշարունակվի ուսուցանվող մասնագիտություններով կրթությունը՝ ըստ աշխատաշուկայի պահանջարկի:

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կնձեռվի փորձարկելու և ներդնելու ՄԿՈՒ հաստատությունների կառավարման նոր մոդելներ՝ հիմնված պետական-մասնավոր համագործակցության վրա:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախորդ տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» միջև կնքվել էր ագրոտնտեսական կրթության, մասնագիտական ուսուցման և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում էր Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպել հիմնադրամի՝ գործնական ուսուցման կենտրոնի ֆրանսիական մոդելի կիրառմամբ:

  • Կիսվել: