չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Տավուշի մարզում ե՞րբ է Ղըզըլ Հաջիլի գյուղ եղել, Խերիմիլի գյուղ եղել. վարչապետ

Տավուշի մարզում ե՞րբ է Ղըզըլ Հաջիլի գյուղ եղել, Խերիմիլի գյուղ եղել. վարչապետ

Հայաստանի ինքնիշխան տարածքից, եթե մենք ուզենանք էլ, չենք կարող հրաժարվել: Այս մասին նախօրեին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ տարածքի փոփոխության հարցով որոշում կարելի է կայացնել միայն հանրաքվեով: Եթե թեմա կծագի՝ ինչ-որ մի բան ինչ-որ մի բանի հետ փոխելու, դա կռավարությունը չի կարող անել, ԱԺ-ն չի կարող անել: Նրանք կարող են ասել՝ եկեք այս հարցով հանրաքվե անենք»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության թեմային, վարչապետը նկատեց, որ ժողովրդավարական պետության համար ընդդիմությունը շատ կարեւոր է. «Մենք բոլորին էլ հարգում, գնահատում ենք: Համաձայն չենք շատ հարցերում իրենց հետ, համարում ենք, որ իրենք ուղղակի աղավաղում են, երբ ասում են՝ Տավուշի 4 գյուղերը տալիս ա: Տավուշի մարզում ե՞րբ է Ղըզըլ Հաջիլի գյուղ եղել, Խերիմիլի գյուղ եղել»,-ասաց նա:

Նշենք, որ Փաշինյանն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է գնում Ոսկեպար։ Նախորդ հանդիպումը ոսկեպարցիների հետ  հարթ չի անցել։ Հանդիպման թեման եղել է Տավուշի 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը, ինչին ոսկեպարցիները դեմ են արտահայտվել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։

Այսօրվա հանդիպումից, սակայն, ոսկեպարցիները այդքան էլ դժգոհ չեն մնացել։

  • Կիսվել: