երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տասներկուօրյա «վազքարշավ»․ «Փաստ»

Տասներկուօրյա «վազքարշավ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երեկ տրվեց ընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, չնայած, ընդհանուր առմամբ, ընտրարշավն ավելի վաղ էր սկսվել։ Հատկապես Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների օրվա մասին հայտարարելուց անմիջապես հետո ուղղակի անցավ քարոզարշավի իրականացմանը՝ մի կողմ թողնելով իր հիմնական գործերը, մոռանալով ու փորձելով մոռացնել գերիներին, զոհերին, վիրավորներին, մեր կորուստները, երկրի կործանվող տնտեսությունը, մի խոսքով՝ ամեն ինչ, բացի իր աթոռը ամուր պահելուց։ Հենց այդ տրամաբանության մեջ էր, որ Նիկոլ Փաշինյանն ամենշաբաթյա գրաֆիկով իր թիմակիցների հետ հարյուրավոր ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ կազմակերպում էր շոուներ՝ մարզային այցելությունների տեսքով, որոնք ընդդիմադիրների, փորձագետների և քաղհասարակության ներկայացուցիչների դիտարկման համաձայն, հենց նախընտրական քարոզարշավ էին հիշեցնում, քան աշխատանքային հանդիպումների տրամաբանության մեջ էին։

Ուստի պատահական չէին այն քննադատությունները, որ իշխանությունները բացահայտ կերպով չարաշահում են վարչական ռեսուրսը։ Սակայն հունիսի 20-ի ընտրությունների քարոզարշավն առանձնահատուկ է ոչ միայն նրանով, որ աննախադեպ քանակի՝ 26 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին, այլև նրանով, որ ատելության դոզան հասել է անասելի մակարդակի։ Ու անհանգստություն կա, որ այս էմոցիոնալ ֆոնին թշնամանքի գեներացումն ու հակաքարոզչության տեմպը կարող են հասնել իրենց բարձրակետին։ Իսկ մեծ չափաբաժիններով ատելության գեներացումը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ մեր պետականության համար, քանի որ բացառված չէ, որ գործը հասնի անդառնալի մի կետի, երբ նույն Նիկոլ Փաշինյանի ու նրա աջակիցների հրահրմամբ քաղաքացիական բախումները դառնան իրողություն։

Սա ամենասարսափելի բանն է, որ կարող է տեղի ունենալ այս ընտրությունների ընթացքում կամ հետո։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Փաշինյանը մի կողմից՝ հայտարարում է, թե իրենց հաջողվել է խուսափել բախումներից, իսկ մյուս կողմից էլ՝ շարունակում է առավել մեծ թափով ատելություն գեներացնել իր մրցակից քաղաքական ուժերի ու անհատների նկատմամբ։ Ուստի պատահական չէ, որ Փաշինյանի այցերն ու ելույթներն ավելի շատ հիստերիկ ներկայացումների բնույթ ունեն, որի միջոցով վերջինս փորձում է սևացնել այլոց և ինքնարդարացման ջանքեր գործադրել կամ էլ խղճահարություն առաջացնել մարդկանց շրջանում, որպեսզի քաղաքացիները մտածեն, թե՝ «խեղճ» Նիկոլն ի վիճակի չէր կանխել վերահաս աղետը, նպատակ ունեցել է, բայց չի կարողացել, նախկիններն են «էս հարիֆի» գրպանը գցել այս ամենը և այլն։ Արդյունքում, ցավոք, հիմա արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ այս ընտրարշավը զուրկ է լինելու գաղափարական, բովանդակային քննարկումից:

Ճիշտ է՝ գրեթե բոլոր ուժերն էլ ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, որոնք բոլորն էլ շատ գեղեցիկ են, բայց հարցն այն է, որ մասնավորաբար ՔՊ-ի ծրագիրը ոչ ոք չի կարող լուրջ ընդունել. նախ՝ այն, ինչպես միշտ, իրատեսական չէ, երկրորդն էլ՝ նախկինում էլ էին նրանք բավական ամբիցիոզ ծրագրեր ներկայացրել, բայց դրանցից ոչ մեկը կյանքի չկոչեցին, լրիվ ընդհակառակը՝ բերեցին ձախողումներ, կործանում, պարտություն, բազմահազար զոհեր, հաշմանդամներ, ավերված երկիր։ Մյուս կողմից էլ, կրկնենք, իշխանությունների (ավելի ճիշտ՝ մեկ անձի, որովհետև այնտեղ թիմ չի եղել ու չկա) քարոզչության հիմնական տրամաբանությունը հինված է ոչ թե ծրագրային դրույթների, այլ ընդդիմությանը սևացնելու և բոլոր ձախողումների հարցում նախկիններին մեղադրելու ստրատեգիայի վրա։ Հանուն արդարության պետք է նշել, որ, ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի ջղաձգումների, որը շատերը գնահատում են որպես հուսահատության ճիչ, հիմնական դերակատար քաղաքական ուժերից «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և ԲՀԿ-ն բավական հավասարակշռված ու գաղափարական քարոզչություն են իրականացնում՝ առանց ավելորդությունների և, ամենակարևորը, հիմնված անցյալի ու ներկայի վերլուծությունների և ապագայի իրատեսական ծրագրերի վրա։

Քաղաքական հարթության մյուս մասն էլ զբաղեցնում են այն ուժերը, որոնք ինչ-որ կերպ ձայն փախցնելու խնդիր են լուծում։ Այս հատվածում են տեղավորվել նաև 3-4 ուժեր, որոնք իշխանությունների կողմից են ներդրվել։ Դրանից գոնե երկուսն անընդհատ փորձում են նոնստոպ ռեժիմով հակաքարոզչություն իրականացնել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, քանի որ, մեծ հաշվով, ո՛չ այլ ասելիք ունեն, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի կողմից այլ առաջադրանք։ Դա նրանց միակ դերակատարությունն է, ուրիշ ոչնչի պիտանի չեն: Չնայած, ստացած հանձնարարությունը կատարելու հարցում էլ, ինչպես երևում է, պիտանի չեն, քանի որ իրենց գործն անում են սարսափելի փնթի ու անմակարդակ: Փաստացի իշխանությունների ու նրանց արհեստական սատելիտների քարոզչական մեխը գլխավորապես հաղթելու իրական շանս ունեցող ուժերին հարվածելն է։

Դրանով նրանք փորձում են մրցակիցներին ներքաշել հակաքարոզչության ճահիճ, որպեսզի գաղափարական պայքար չլինի, քանզի ստի, մանիպուլ յացիայի ու հակաքարոզչության դաշտում իրենք անմրցելի են, իսկ գաղափարական, բովանդակային քննարկումների դաշտում՝ բոբիկ. նախ՝ ինտելեկտուալ այդքան պոտենցիալ չունեն, հետո այնպես են ամեն ինչ ավերել ու ձախողել, որ բավանդակային ու ծրագրային նոր ասելիք չեն կարող ունենալ։ Նրանց այլևս մտավոր որոշակի շեմ ունեցող ոչ ոք լուրջ չի վերաբերվում: Ուստի մնում է հանրության այն հատվածը, որն անձնական շահ ունի Նիկոլի իշխանությունից և թքած ունի երկրի ու պետության վրա, և այն փոքրաթիվ հատվածը, որին հեշտ է մոլորեցնել ստախոսությամբ, գոռգոռոցներով, «իկոնա» պտտելով, մատ թափ տալով, անհավասարակշիռ հայտարարություններով...»։

Մանրամաները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: