շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թագուհի Թովմասյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառների մասին

Թագուհի Թովմասյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառների մասին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները: 

«Ես նոյեմբերի 10-ի փաստաթղթին ծանոթացել եմ մամուլից, հաջորդ օրը գնացել եմ Արցախ` հասկանալու՝ ինչ է տեղի ունենում, ինչ կարող ենք անել և արդյոք այդ փաստաթուղթը հնարավոր է խմբագրել կամ որևէ բան կարող ենք արդյոք փոխել, թեկուզ` ժամկետների մասով: Հանդիպել եմ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Հանդիպել եմ ՀՀ վարչապետին, Հանրապետության նախագահին, մեր հոգևոր առաջնորդին, այսօր հանդիպել եմ ՌԴ-ում Հայաստանի դեսպանին, արել եմ ամենը, որպեսզի հասկանամ, թե ինչ է հնարավոր անել: Քարվաճառի շրջանի ամբողջական հանձնումից հետո իմ ծննդավայր Վարդենիսն իր 36 գյուղերով հայտնվելու է ամենավտանգավոր գոտում: Ես չէի կարող այդ մասով լռել: Ես կայացրել եմ խմբակցությունից դուրս գալու որոշում, դիմումը ներկայացրել եմ»,- ասաց Թովմասյանը:

 

Պատգամավորը հավելեց, որ այդ քայլով իր բողոքն է արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Պատգամավորի մանդատից չհրաժարվեցի իմ շատ գործընկերների, ինչպես նաև արցախցի մի շարք հարգելի մարդկանց խնդրանքով: Ես քաղաքական որևէ օրակարգ չեմ սպասարկում, իմ օրակարգում բացառապես իմ հայրենիքի շահն է»,- նշեց Թագուհի Թովմասյանը:

  • Կիսվել: