կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սյունիքում չկա բնակավայր, որ շրջափակման մեջ լինի. Նիկոլ Փաշինյան

Սյունիքում չկա բնակավայր, որ շրջափակման մեջ լինի. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին խնդրեց տեղեկություն ներկայացնել Սյունիքում այլընտրանքյային ճանապարհների կառուցման վերաբերյալ:

Գնել Սանոսյանն էլ ասաց, թե կա յոթ ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում են. Մեկը Տաթև-Աղվանին է, որն ավարտված է ու արդեն երթևեկելի է:

«Մյուս վեց հատվածում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան, մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կիլոմետր է: Մյուսը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է, մի մասն ամբողջովին նոր է կառուցվում: Որոտան-Խոտք ճանապարհի 10 կմ-ից 5 կմ-ն պատրաստ է, երկու ճանապարհահատված ունենք՝ Կապան-Ճակատեն ու Կապան- Գեղանուշ-Ճակատեն, որոշակի թեքություններ կան, ճանապարհն անցանելի կլինի», - ասաց նախարարը:

Նա նշեց, որ կկառուցեն Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որն ավելի հեշտ ու մատչելի կլինի:

«Շարունակվում է Տաթև-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները», - ասաց Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե այդ բոլոր ուղղություններով պետք է օր առաջ ունենալ գրունտային վիճակ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար բոլոր եղանակներին:

Նա նշեց, թե ևս մեկ-երկու լրացուցիչ ճանապարհ կառուցելու ծրագիր ունեն, որը հիմա կսկսեն իրագործել:

«Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ, ընդհանրապես, կտրված լինի, շրջափակման մեջ լինի», - վստահեցրեց վարչապետը:

Սանոսյանն էլ ասաց, թե և Որոտանը, և Շուռնուխը, և Բարձրավանը ճանապարհներ ունեն, գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որը առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում ավելի մատչելի կդառնա:

  • Կիսվել: