շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը. Քոչարյան

Այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը. Քոչարյան

Վերջին տարիներին ՀՀ իշխանությունը բանակցային պրոցեսը հասցրեց փակուղի: Նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում:

Խոսելով Արցախի մասին՝ նա ասել է, որ պատերազմից առաջ առկա բանակցային գործընթացը ենթադրում էր հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների զիջում՝ ԼՂ կարգավիճակի դիմաց:

՛՛Մեր վերահսկողության տակ եղած տարածքների փոխանակում՝ ԼՂ կարգավիճակի հետ: Սա այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներն են: Կան նախկին ԼՂԻՄ տարածք և Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջաններ։ Դրանք ընդգրկված էին ԼՂՀ կազմում, սակայն դրանք նույնպես ընկալվում էին որպես բուֆերային գոտի։ Ենթադրվում էր, որ դա այն թեման է, որի շուրջ կարելի էր բանակցել կարգավիճակի շուրջ՛՛,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ վերջին տարիներին ՀՀ իշխանությունը բանակցային գործընթացը հասցրեց փակուղի:

Նա հավելել է. ՛՛Իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը՛՛:

Քոչարյանի խոսքով՝ ՀՀ նոր իշխանությունը բանակցային գործընթացը սկսեց զրոյական կետից, հետո պահանջեց Արցախի մասնակցությունը բանակցություններին, ապա հայտարարեց՝ ՛՛Արցախը Հայաստան է, և վերջ՛՛, ինչի հետևանքով, ըստ նրա, ձևավորվեց տեսակետ, որ հայկական կողմը հեռանում է բանակցային գործընթացից:

՛՛Ես կարծում եմ, որ նրանք չէին հասկանում, որ դրանով հրահրում են: Դա մի տեսակ պրիմիտիվ միջոց էր` խուսափելու պատասխանատու ու ծանր բանակցություններից՛՛,-ասել է Քոչարյանը:

Նա նաև նշել է, որ եթե չլիներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ միջամտությունը, ապա միանգամայն հավանական կլիներ Արցախի լիակատար կորուստը:

՛՛Ղարաբաղի հարցը վերջնական լուծված չէ։ Չի կարող լինել անարդար լուծման վրա խաղաղություն ... Կարծում եմ, որ բանակցությունների միջոցով կարելի է շտկել վիճակը և վերականգնել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար Հանրապետության տարածքը։ Ամեն ինչ չէ, որ կորցրած է՛՛,-հավելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

  • Կիսվել: