կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սպարապետի արժեքների կրողը չի հանձնի Արցախը․ Մամիջանյան

Սպարապետի արժեքների կրողը չի հանձնի Արցախը․ Մամիջանյան

Խնդրում եմ մեր քաղաքացիները բացեն, նայեն, թե ինչ մաղձ, ինչ կեղտ ու թարախ էր Նիկոլ Փաշինյանը իր թերթոններով տարածում Սպարապետի և մեր բանակի ուղղությամբ: Ո՞ր օրվանից ինքը դարձավ Սպարապետի արժեքների կրող: Սպարապետի արժեքների կրողը չի հանձնի Արցախը: Ինքը Սպարապետի անունը տալու իրավունք չունի:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին անդրադառնալով:

Մամիջանյանը նաև խոսել է Փաշինյանի՝ վարչապետի անվտանգության մասին հայտարարությանը:

«Սիրելի քաղաքացիներ մենք բոլորս վճարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը երթևեկի գերնոր «Մերսեդեսով»: Ի՞սկ պարտադիր էր անվտանգության բոլոր մեքենաները փոխել ամենագնացներով: Բացե՛ք, նայեք, թե ինչ մեքենաներ էին սպասարկում առաջ, և ինչ մեքենաներ են սպասարկում հիմա:

Իմ հիշողությամբ Նիկոլ Փաշինյանը միակ ՀՀ վարչապետն է, որ Ազգային Ժողովի դահլիճ մտնում է 4-5 անվտանգության աշխատակիցներով»,- ասաց նա:

Իսկ Փաշինյանի ելույթի սպառազինության հատվածին անդրադառնալով՝ Մամիջանյանը Փաշինյանին հորդորեց գնալ, պատասխան տալ բոլոր հերոս տղաների ծնողներին:

«Նրանք զոհվել են նաև այն պատճառով, որ ինքը փոխել է մեր թողած սպառազինությունների գնման պլանը, որով նախատեսված էր ՀՕՊ-երի գնում: Փոխել է ինչի համար, որ ինքը 60 միլիոն արժողության սելֆի անի:

Ինքը, որ այդքան խոսում է՝ զենք ենք բերում, դա մեր կնքած պայմանագրերն են, դա մեր կնքած վարկային պայմանավորվածություններն են: Իրենից հասնում էր ընդամենը այնպես չանել, որ դրանք խախտվեն»,- ասաց նա:

  • Կիսվել: