շաբաթ, հունվար 23
23 / 1 / 2021
Սոթքի հանքի հատվածներ հատվում են սահմանագծին, որոշ հատվածներ մնում են սահմանագծից մեր կողմ․ զինվորականները երկու կողմից էլ՝ և՛ հայ, և՛ ադրբեջանցի, ճշտումներ են անում սահմանի վերաբերյալ․ Վարդենիսի քաղաքապետ

Սոթքի հանքի հատվածներ հատվում են սահմանագծին, որոշ հատվածներ մնում են սահմանագծից մեր կողմ․ զինվորականները երկու կողմից էլ՝ և՛ հայ, և՛ ադրբեջանցի, ճշտումներ են անում սահմանի վերաբերյալ․ Վարդենիսի քաղաքապետ

Ես չեմ կարող ո'չ հաստատել, ո'չ հերքել: Սա մի քիչ ռազմական մասշտաբի հարց է: Իհարկե, կան որոշ տեղեկություններ, բայց լիազորված չեմ նման հարցերի պատասխանել: Ընդհանրապես, տեղակայվում են բոլոր զորքերը՝ ըստ սահմանագծի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ 80 ադրբեջանցի զինվորականներ ներթափանցել են Սոթքի ոսկու հանք:

 

«Հանքի տարածք մտնելը ես չեմ կարող հաստատել կամ հերքել, իմ ունեցած տվյալներով՝ զինվորականները երկու կողմից էլ՝ և՛ հայ, և՛ ադրբեջանցի, ճշտումներ են անում սահմանի վերաբերյալ՝ ամբողջ գծի երկայնքով: Նրանց հետ են ռուս խաղաղապահները»,-ասաց քաղաքապետը:

Հարցին՝ այսինքն՝ նա հերքու՞մ է, որ 80 ադրբեջանցի զինվորականներ մտել են ոսկու հանք, Մելքոնյանը պատասխանեց. «Ես չեմ հերքում: Ես այս պահին չեմ կարող նման տեղեկություն տալ: Իմ տեղեկություններով՝ գծում են սահմանագիծը՝ ժամանակակից սարքավորումներով»,-ասաց նա:

Հարցին էլ՝ ժամկետ ասվե՞լ է՝ երբ են այդ ճշտումներն ավարտվելու, Մելքոնյանն ասաց, թե ինքը չունի նման տեղեկություն:

Հարցին՝ ի վերջո, Սոթքի հանքի ո՞ր հատվածն է մնում Քարվաճառում, որը հանձնվել է Ադրբեջանին, որը՝ ՀՀ-ում, Մելքոնյանն արձագանքեց՝ չի կարող ասել. «Սոթքի հանքի հատվածներ հատվում են սահմանագծին, որոշ հատվածներ մնում են սահմանագծից մեր կողմ: Ճշտումներ են ընթանում, թե որտեղ է հատվում սահմանը, որտեղ պետք է լինեն իրենց զորքերը, որտեղ՝ մեր, իրենք չեն կարող ոսկու հանք մտնել: Իմ տեղեկություններով՝ այդքանն է»,-ասաց նա:

Հարցին՝ այս պահին ինչ է կատարվում Սոթքի ոսկու հանքում, Վարդենիսի քաղաքապետն արձագանքեց՝ չի կարող ասել, քանի որ վերջին մեկ օրում չի եղել այնտեղ: «Երեկ բացարձակապես ոչ մի բան չի կատարվել, որովհետև սահմանը բավականին հեռու է եղել Սոթքի հանքից, բայց այսօր բան չեմ կարող ասել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների՝ Սոթքի հանք ներթափանցելու մասին գրառում էր կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը. «Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում, ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը ։ Պատկան մարմիններ արձագանքեք»,-գրել էր նա։

 

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն էլ նշել է, որ շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը:

 

 

  • Կիսվել: