ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սկզբունքորեն չի կարելի այդ կազմակերպության վրա հույս դնել. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Սկզբունքորեն չի կարելի այդ կազմակերպության վրա հույս դնել. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Ինչ վերաբերվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, այդտեղ ֆունդամենտալ խնդիր է առաջացել, որովհետև տեսեք, ըստ էության, մենք նույնիսկ Ադրբեջանի հետ կարողացել ենք սկզբունքային համաձայնություն ձեռք բերել հետևյալի մասին, որ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմա վրա և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը  վերցվում է որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար: Այս մասին բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը մեր քննարկվող հարցերի տեսակետից ունի երկու շատ կարևոր արձանագրում, առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և  դա պայմանավորվել են նախկին Խորհրդային Միության 12 հանրապետությունները, այսինքն՝ բոլոր հանրապետությունները, բացառությամբ  մերձբալթյան երկրների, որոնք այդ պահին արդեն անկախացել էին, և նախկին խորհրդային հանրապետությունների միջև արձանագրված վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանի:

Այսինքն՝ մենք հիմա հստակ գիտենք Հայաստանի Հանրապետության  և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանները որտեղով են անցնում և շատ կարևոր  է, որ մենք Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում ենք  որպես սահմանազատման գործընթացի քաղաքական հիմք:

Սա նաև  կարևոր բան է նշանակում, որ մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և Խորհրդային Միության սահմաններում ունեցել են դե յուրե իրավական հիմք:

Հիմա ի՞նչ կապ ունի այս ամենը ՀԱՊԿ-ի հետ: Իսկ կապը շատ ուղղակի է, որ ահա՝ Ալմա-Աթայի հռչակագրով՝ վարչական սահմաններով արձանագրված սահմանները նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի են: Ի՞նչ է դա նշանակում,  որ եթե այդ սահմանը խախտվում է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգային  մեխանիզմը պետք է գործարկվի:

Հիմա ի՞նչ խնդիր է առաջացել մեր և ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Խնդիրը հետևյալն է, երբ այդ սահմանները խախտվել են 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին, 2022թ.  սեպտեմբերին և Հայաստանը սահմանված կարգով ձեռնարկել է ճգնաժամային իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքի  մեխանիզմներ, այդ մեխանիզմները չեն գործարկվել այն  պատճառաբանությամբ, որ սահմանները դելիմիտացված չեն:

Եվ Ռուսաստանի Դաշնությունից էլ վերջերս նման հայտարարություն  է հնչում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի գործարկվել այդ պահին, որովհետև այդտեղ դելիմիտացված սահման չկար կամ սահման չկա, բայց մեր գործընկերները չեն արձանագրել մի կարևոր բան, եթե  այդտեղ դելիմիտացված սահման չկա, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ չկա նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի, որովհետև սահմանը կա, և բոլորը գիտեն այդ սահմանի տեղը, իսկ,  ըստ էության, նրանք ասում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի Հայաստանի Հանրապետությունում իրենք չենք կարող ցույց տալ:

Սա, կներեք, նշանակում է, որ իրենք ասում են, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, ըստ էության, չկա, որովհետև դելիմիտացված չի, դելիմիտացված չէ նաև, օրինակ՝ սահմանը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Կներեք, ես գիտեմ, որ մեր գործընկերները նման մտադրություն չունեն, բայց եթե հանկարծ այդպիսի իրադրություն լինի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, օրինակ՝ Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այդպիսի մտադրություն լինի, որ որևէ երկրի զորք մուտք գործի Ռուսաստանի Դաշնության տարածք, չդելիմիտացված սահմաններ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նշանակում է չպիտի՞ որևէ կերպ արձագանքի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չկա որպես մեխանիզմ, որի վրա  անդամ երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, մյուս երկրները կարող են հույս դնել:

Եվ մեր հարցը հետևյալն է, եթե մենք հույսը դնում ենք մի կազմակերպության վրա, որի  վրա չարժե հույս դնել, որովհետև սկզբունքորեն չի կարելի այդ կազմակերպության վրա հույս դնել, և ոչ միայն մենք, այլև մյուսները չեն կարող այդ կազմակերպության վրա հույս դնել, և սա հիմնավորվում է կազմակերպության արձագանքով և անդամ որոշ երկրների հայտարարություններով: Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ:

Ռուսաստանը նույնպես Հարավային Կովկասում իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է և դա սկսել է մեզնից առաջ: Եվ իմիջիայլոց, ՀԱՊԿ-ի խնդիրը ծագել է այդտեղից, որովհետև հիմա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և կազմակերպության դիրքերից և ընդհանարապես, և բավականին վաղուց, դա ընդ որում, նաև 2020 թվականի պատերազմից առաջ, Ռուսաստանը հավասարահեռ քաղաքականություն է վարում Ադրբեջանի և Հայաստանի միջև:

Ուզում եմ արձանագրել, որ իրականում մեր տարածաշրջանում հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության կողմից, և դա մեր մեջ ասած կոնկրետ թվական էլ ունի: Եթե մինչև 2012-13 թվականները Ռուսաստանի քաղաքականությունն այն էր, որ Հարավային Կովկասում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է, Ադրբեջանը գործընկերն է, ընդ որում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, որի ամբողջ իմաստը պետք է լիներ այն, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը շատ կոնկրետ երաշխավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Բայց 2013 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մի քանի միլիարդ դոլարի զենքի ձեռքբերման պայմանագիր ստորագրվեց, և սա այն կետն է, երբ Ռուսաստանի Դաշնությունն սկսեց դիվերսիֆիկացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ:

Եվ ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2022 թվականի փետրվարի 21-ին կամ 22-ին Ռուսաստանը և Ադրբեջանն իրար հետ ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին: Ըստ էության, հենց այդ հռչակագրի մեջ նաև արձանագրվում է քաղաքականությունների համաձայնեցման անհրաժեշտությունը, և դա հրապարակային փաստաթուղթ է, և ըստ ամենայնի կարելի է արձանագրել, որ այն, ինչ հռչակվել է երկրների կողմից՝ համագործակցությունն անվտանգային ոլորտում, քաղաքականությունների շուրջ խորհրդակցություններ և այլն, դա գործնականում տեղի է ունենում, հակառակ դեպքում այդ հռչակագիրն իմաստ չէր ունենա:

Այսինքն, ինչո՞ւ են ստորագրել այդ երկրներն այդ հռչակագիրը, եթե պիտի չիրականացնեն: Մանավանդ այն պայմաններում, երբ արդեն դրանից առաջ, այդ հռչակագրի ստորագրումից առաջ առնվազն երկու դրվագով հստակ արձանագրվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պարտավորությունների չկատարումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ՛՛:

  • Կիսվել: