Չենք կարող նստել ձեռքներս ծալած, երբ հանցագործություններ են կատարվում ՀՀ-ի և Արցախի ժողովրդի դեմ. Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների կտտանքներին և նրանցից 19-ի սպանությանը:
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Մինչ մենք աշխատում ենք մնացած ռազմագերիների շուտափույթ ազատ արձակմանը հասնելու ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է կոշտ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և բոլոր նրանց, որոնք կատարել են այս հանցագործությունները, և դադարեցնել քաղաքականությունը, որը թույլ է տվել, որ ԱՄՆ ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող նստել ձեռքներս ծալած, երբ հանցագործություններ են կատարվում Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ:
Սիրտս ցավում է 19 տղամարդկանց և կանանց համար, նրանց սիրելիների և ողջ հայկական համայնքի համար: Ես մշտապես կանգնած եմ նրանց կողքից՝ շարունակելով պայքարել Արցախի անկախության և խաղաղության համար՛՛:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից: