Քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը
Կայացել է «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար․ մարդու իրավունքները, արժանապատվությունը և ներառականությունը հոգեկան առողջության պահպանման ոլորտում» խորագրով տարածաշրջանային համաժողովը՝ նվիրված հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների խթանմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Քննարկման առանցքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնավարության և գործունակության ապահովումն էր, համայնքահեն ծառայությունների հասանելիության ընդլայնումը, ազատությունից զրկման վայրերում պատշաճ խնամքի ապահովումը, ինչպես նաև խարանի դեմ պայքարն ու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։
Մասնակիցներն ընդգծել են, որ հոգեկան առողջության արդյունավետ պահպանումը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների, արժանապատվության, տեղեկացված համաձայնության և անհատականացված աջակցության սկզբունքների վրա՝ ապահովելով յուրաքանչյուր անձի մասնակցությունն իր խնամքի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել համայնքահեն հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության ապահովման կարևորությանը՝ անդրադառնալով Շիրակի և Արարատի մարզերում գործող շարժական թիմերի փորձին։
Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանն ընդգծել է, որ հոգեկան առողջությունը միայն առողջապահական քաղաքականության խնդիր չէ, և Հայաստանի համար այս մոտեցումը ընթացիկ բարեփոխումների առանցքում է, որոնք արտացոլում են հիմնարար մի սկզբունք. հոգեկան առողջության խնդիրը պետք է դառնա մարդու իրավունքների, արժանապատվության, հավասարության, սոցիալական ներառման և մասնակցության հարց:
Կարևորելով Կենսաբժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին (Օվիեդո) կոնվենցիայի վավերացումը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգագեն նշել է, որ կարևոր են նաև սպասվող փոփոխությունները բժշկական օգնության և սպասարկման համատեքստում։
Համաժողովի նպատակն է խթանել Հայաստանում և տարածաշրջանում հոգեկան առողջության պահպանման համակարգերն առավել իրավունքահեն, ներառական և մարդակենտրոն դարձնելու շուրջ երկխոսության ամրապնդմանը։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի շրջանակում՝ որպես Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի մաս, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, ակադեմիական շրջանակների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք։



