շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շուշիից հետո ինչ է սպասվում Իջևանին, որտեղ Շուշիի համեմատ ոչինչ չի կառուցվել. Գեղամ Նազարյան

Շուշիից հետո ինչ է սպասվում Իջևանին, որտեղ Շուշիի համեմատ ոչինչ չի կառուցվել. Գեղամ Նազարյան

Ճիշտ ժամանակն է, որ ԿԳՄՍ նախարարը հանրությանը ներկայացնի, թե ինչ ծավալի և քանի միլիարդի շինարարական աշխատանքներ են իրականացվել Շուշիում 1992թ-ի մայիսի 8-ից մինչև 2020թ-ի սեպտեմբերի 27-ը։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարց ուղղելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ճիշտ պահն է, որ հանրությունը իմանա, թե ինչ կարգի ուսումնարաններ, թանգարաններ, հուշարձաններ են կառուցվել մեր սիրելի Շուշիում։ Միաժամանակ կարծում եմ, որ կառավարության ներկայացուցիչը պետք է արձագանքի Իջևան քաղաքի բնակիչների անհանգստությանը։ Բանն այն է, որ լսելով Շուշիի հետ տեղի ունեցածից մասին բացատրությունը, իջևանցիները իրենց հարց են տալիս, եթե Շուշին, որտեղ այդքան թանգարաններ, ուսումնարաններ, շենքեր, եկեղեցիներ են կառուցվել, արժանացավ այս ճակատագրին, ապա ինչ է սպասվում Իջևանին, որտեղ Շուշիի համեմատ ոչինչ չի կառուցվել»։

Հարցին ի պատասխան Դումանյանը նշեց, որ 1992թ-ից մինչև մեր օրերը Շուշիում կառուցված շինությունների թվային նկարագրի մասին հարցը ներկայացնեն գրավոր։

 

«Իսկ թե ինչ է սպասվում Իջևանին, ապա Իջևանին սպասվում է փայլուն ապագա։

Ձեր հարցը ձևով է հարց, բովանդակությամբ այլ բան է։ Շուշիում կառուցված շինությունների մասին ես ավելի քիչ չեմ տիրապետում քան Դուք, եթե  ցանկություն ունեք հրապարակելու հրապարակեք, մենք գրավոր կպատասխանենք։ Դժգույնի մասով չեմ կիսում այդ տեսակետը, որևէ դժգույն ապագա չի սպասվում ՀՀ որևիցե քաղաքին, գյուղին, մասնավորապես Իջևանին»։

  • Կիսվել: