ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շատ ուրախ կլինեմ, եթե հունիսի 1-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. վարչապետ

Շատ ուրախ կլինեմ, եթե հունիսի 1-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. վարչապետ

ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե արդյոք Բլինքեն-Բայրամով-Միրզոյան եռակողմ հանդիպումը նույն հարթակո՞ւմ է, ինչ Լավրով-Բայրամով-Միրզոյան հանդիպման ձևաչափը, այդտեղ նու՞յն հարցերն են քննարկվում, եւ ո՞ւմ որոշմամբ է Ռուբեն Ռուբինյանը մեկնել Վաշինգտոն:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ Վաշինգտոնում քննարկվում է այն, ինչ ինքն արդեն ներկայացրել է ԱԺ դատին:

՛՛Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի առաջարկների փաստաթուղթ կա սեղանին: Հանձնարարել եմ, որ ԱԳՆ-ն ձեզ ծանոթացնի այդ փաստաթղթին՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական առաջարկներին, չեք ուզել՛՛,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոն է մեկնել իր քաղաքական որոշմամբ:

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե հնարավո՞ր է Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա հունիսի 1-ին Քիշնևում Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Պրահայում անցկացված հանդիպման ձևաչափով:

Հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ շատ ուրախ կլինի, եթե այդպես լինի:

՛՛Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: Դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է: Քանի որ հիմա բանակցություններ են ընթանում, իմ արած որևէ դրական կամ բացասական մեկնաբանություն ազդելու է դրանց ընթացքի վրա: Վաշինգտոն մեկնած պաշտոնյաներին ասել եմ՝ ազատ բանակցեք ու մեր՝ հրապարակային արտահայտած կարծիքների շրջանակում: Շեշտել եմ՝ իմացեք՝ ձեր բանակցած փաստաթուղթն Ադրբեջանի հետ ես եմ ստորագրելու՛՛,-նշեց նա:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաեւ Արցախի հարցին եւ ասաց, որ քանի դեռ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ֆիքսված կետ չկա, Արցախի կարգավիճակի մասին հարցին չի կարողանա պատասխանել:

՛՛Երբ բանակցություններն Ադրբեջանի հետ արդեն փակված լինեն, տեքստը պատրաստ լինի, ու ես հայտարարեմ՝ մեկնում եմ խաղաղության պայմանագիր ստորագրելու, այդ ժամանակ միայն կկարողանամ հստակ պատասխանել Արցախի մասով բանակցված տարբերակին՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: