շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կարևոր գաղափար է, որը պետք է թե պետական մակարդակում, թե ՄԻՊ-ն իր հնարավորություններով առաջ մղի․ ՄԻՊ թեկնածուն՝ շփման գոտում անվտանգային միջավայր ստեղծելու մասին

Կարևոր գաղափար է, որը պետք է թե պետական մակարդակում, թե ՄԻՊ-ն իր հնարավորություններով առաջ մղի․ ՄԻՊ թեկնածուն՝ շփման գոտում անվտանգային միջավայր ստեղծելու մասին

Ես կատարել եմ իմ մասնագիտական աշխատանքը և կատարել եմ դա մեծ պատասխանատվությամբ: Այս մասին «Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիման ընթացքում ասաց ՔՄ խմբակցության ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե Գրիգորյանն իրեն «նախկին» է համարում, թե «ներկա»:

«Ես ՀՀ քաղաքացի եմ, և առհասարակ մերժում եմ այդ մոտեցումը կամ նման տարաբաժանումը»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով սահմանային լարվածությանն ու անվանգության ապահովման հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ անվտանգային բնույթի խոսակցությունները, քաղաքականությունը հնարավոր չէ կտրել մարդու իրավունքներից:

«Այստեղ պետք է կենտրոնանալ  այն հարցի վրա, թե պատերազմից հետո որքանով են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերն ինտեգրված մեր գործողությունների մեջ, որքանով են դրանք առաջնահերթություն՝ ինչպես ազգային մակարդակում տարվող քաղաքականությունների, այնպես էլ միջազգային մակարդակներում մեր արտաքին քաղաքականության և իրավապաշտպան գործունեության հարցերում:

Կարծում եմ, այստեղ շատ վտանգավոր է ունենալ խոսակցություն, թե արդյո՞ք քաղաքական նպատակահարմարությունները կամ գեոպոլիտիկ իրավիճակները կարող են գերակշիռ լինել: Մենք այլ հնարավորություն չունենք, քան մարդու իրավունքները և մեր սահմանի կամ շփման գոտում ապրող մարդկանց իրավունքներն այդ ամենի կենտրոնում դնելը:

Այստեղ պատահական չէ, որ գործող Մարդու իրավունքների պաշպանն է այս մոտեցումը առաջ մղում: Կարծում եմ, շատ կարևոր է նաև, որ այս մոտեցումը տեղ է գտել Եվրոպայի խորհրդի համարժեք բանաձևում: Այն է՝ շփման գոտում անվտանգային միջավայրի ապահովման համար անհրաժեշտ է լուրջ քննարկել ապառազմականացված գոտու գաղափարը: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր գաղափար է, որը պետք է թե պետական մակարդակում, թե ՄԻՊ-ը՝ իր մանդատի հնարավորություններն օգտագործելով առաջ մղի:

Հակառակ դեպքում, ի՞նչ անվտանգության կամ ում անվտանգության մասին ենք մենք խոսում:

Կարծում եմ, պետք է առաջ մղել այս մոտեցումը, որպեսզի աշխարահաքաղաքական, վերացական անվտանգությունը չգերադասվի մարդկանց անվտանգության հարցերին»:

ՄԻՊ-ի թեկնածուն անհրաժեշտ է համարում հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի շփման գծի տարածքներում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թե հզորացումը, թե ակտիվացումը:

 

  • Կիսվել: