Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում չի կարողանալու անաչառություն դրսևորել
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում չի կարողանալու անաչառություն դրսևորել: Լրագրողների հետ ճեպազրույցում Օհանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի խորհրդում և նաև խմբակցությունում քննարկել են և միասնական որոշում կայացրել չմասնակցել Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին։
«Հիմնավորումները մի քանիսն են, նախ՝ ՀՀ նախագահը պետք է վերկուսակցական անձնավորություն լինի։ Այսօրվա նախագահի թեկնածուն հանդիսանում է կուսակցության անդամ, և նրան ներկայացրել են այսօրվա կառավարության անդամները։ Ըստ էության՝ կարելի է ասել այսօրվա կառավարության ղեկավարը կառավարության նիստում նշանակեց հանրապետության նախագահին։ Գումարած դրան, հաշվի առնելով այդ վերկուսակցական լինելը, ՀՀ նախագահը պետք է լինի հավասարակշռող, համախմբող անձնավորություն։
Չպետք է մոռանանք, որ մեր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության գլուխը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախագահը»,-ասաց Օհանյանը: