կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պայքարը ՀՀ-ում չի կարող ստանալ ժողովրդի աջակցությունը․ Արթուր Հովհաննիսյան

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պայքարը ՀՀ-ում չի կարող ստանալ ժողովրդի աջակցությունը․ Արթուր Հովհաննիսյան

Մենք այս օրերին ականատես ենք լինում  մի իրավիճակի, երբ կոնկրետ խմբերի կողմից  փորձ է արվում օգտագործել  ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները՝  որպես սանձարձակություններ և անկարգություններ իրականացնելու  միջոց և  միջոց՝ կրկին վերազավթելու ՀՀ-ում ժողովրդի իշխանությունը ։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ 

«Ընդդիմությունը փչում է, ընդդիմությունը կրկին փչում է կեղծ իրականության պղպջակը, որի մեջ բարձր ձայնով և դեմքի   վստահությամբ իրենք իրենց խաբել են, թե կարող են  ժողովրդին տասնամյակներ կեղեքելուց հետո  ստանալ այդ նույն ժողովրդի աջակցությունը։ Ի դեպ, սա այն նույն պղպջակի նման է, որը մեկ անգամ  արդեն պայթեց նոյեմբերի 9-ին հաջորդող ամիսներին  և հատկապես արդեն խորհրդարանական վերջին ընտրություններին, երբ ժողովուրդը շատ դիպուկ օգտագործեց իր վերջին փամփուշտը և կատարեց  իր ընտրությունը»,- նշեց Հովհաննիսյանը։

Խմբակցության քարտուղարի խոսքով, այդ պղպջակի «մեջի»  մարդիկ համարձակվում են մտածել, որ  կարող են սպառնալով, վիրավորելով, կասկածի տակ դնելով  ժողովրդի իշխանությունը, վախեցնելով մարդկանց  ՀՀ-ում ինչ-ինչ հաջողությունների հասնել, ստանալ աջակցություն կամ փրկվել․ « Ընդդիմադիրների գործողությունները, իրոք, միտված են փրկելու կամ փրկվելու, բայց խոսքը բացառապես գողացածի և իրենց փրկության մասին է»,- ընդգծեց պատգամավորը։ 

Ըստ Հովհաննիսյանի, իշխանությունը վստահորեն պաշտպանելու է 2018-ի և դրանից հետո  ունեցած բոլոր ձեռքբերումները  և կանխելու է  ժողովրդավարության նկատմամբ ցանկացած հարձակում ՝ օրենքի դիկտատուրայի տրամաբանության ներքո։ 

«Նրան շարունակում են  ողջ եռանդով  փչել կեղծիքի պղպջակը  հասկանալով, որ  որքան շատ են փչում և որքան մեծանում է պղպջակը, այնքան  ավելի ցավոտ է լինելու պայթյունը»,- ասաց Հովհաննիսյանը։ 

«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պայքարը ՀՀ-ում չի կարող ստանալ ժողովրդի աջակցությունը, որովհետև նրանք իրենց կառավարման տարիներին գործով, իսկ հիմա՝ ընդդիմադիր ժամանակ խոսքով, ցույց են տվել, թե որքան շատ չեն սիրում  մեր ժողովրդին, բայց նրանք չեն հասկացել, որ մեր ժողովուրդը չի սիրում նրանց ավելի շատ»։ 

  • Կիսվել: