հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների վերադարձի հարցով

Սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների վերադարձի հարցով

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ապրիլի 15-ին դեսպան Վիկտորիա Նուլանդին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը խոսել է հայ ժողովրդին, ներառյալ` հայ ռազմագերիներին վերաբերող առանցքային հարցերի մասին, տեղեկանում ենք Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունից:

Մասնավորապես ասվում է, որ Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը ազատ արձակի ռազմագերիներին:

Նա ասել է. ՛՛Ես աշխատում եմ Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի խնդիրների վրա արդեն շուրջ 25 տարի, եւ այն, ինչ կատարվել է նախորդ տարի, միանգամայն ողբերգական էր տարածաշրջանում շատերի համար՛՛:

Սենատորը նաև խոսել է ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության կարևորության և հրատապության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրենց տներից տեղահանված հայերի համար անհրաժեշտ օգնության ապահովման անհրաժեշտության մասին:

հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Վիկտորիա Նուլանդը համաձայնություն է հայտնել, որ ԱՄՆ-ն պարտավոր է մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին, ներառյալ՝ ականազերծման աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ ապահովել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

  • Կիսվել: