հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՍԴ ճգնաժամը համարում եմ հաղթահարված՝ հաջորդ լրջագույն մարտահրավերը դատական համակարգի առողջացումն է․ Բաբաջանյան

ՍԴ ճգնաժամը համարում եմ հաղթահարված՝ հաջորդ լրջագույն մարտահրավերը դատական համակարգի առողջացումն է․ Բաբաջանյան

Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը համարում եմ հաղթահարված։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Մեր հաջորդ լրջագույն մարտահրավերը դատական համակարգի առողջացումն է։

Վեթինգի իրականացումը կարող է շատ ավելի դժվար հաղթահարելի լինել, քան սահմանադրական ճգնաժամը, որովհետև, եթե սահմանադրական ճգնաժամի հաղթահարումը դժվարությամբ, այդուհանդերձ հնարավոր եղավ մեկ օրենսդրական ակտով, ապա դատավորների և ընդհանրապես իրավապահ մարմինների շրջանում վեթինգը պետք է լինի երկարատև, շարունակական գործընթաց, որը կարող է ուղեկցվել բազմաթիվ բարդություններով։

Վեթինգն իրականում բաղկացած է երկու խոշոր խումբ խնդիրներից։ Խնդիրների առաջին խումբը վերաբերում է բուն զտման գործընթացին, որի միջոցով մենք պետք է կարողանանք համակարգը մաքրել ամենատարբեր կապեր ու առնչություններ, կոռուպցիոն անցյալ ունեցող դատավորներից։

Դրանից հետո առաջանալու է ոչ պակաս դժվարին փուլը, երբ մենք պետք է դատական համակարգը համալրենք բանիմաց, պրոֆեսիոնալ ու բարձր անձնային, կամային հատկանիշներ ունեցող դատավորներով, որոնք միևնույն ժամանակ կաշկանդված չեն լինի անցյալի ու նաև ներկայի հետ ունեցած արատավոր կապերով ու կլինեն իրապես անկախ ու անաչառ։ Կրկնում եմ, սա դժվար, չափազանց դժվար խնդիր է, որը սակայն մենք պարտավոր ենք լուծել, եթե ցանկանում ենք իրապես առողջացնել դատական ու իրավապահ համակարգերը»։

  • Կիսվել: