ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԴ ներկայացրած ԲՀԿ-ի դիմումը դեռ որևէ դատավորի չի մակագրվել. Ղազարյան

ՍԴ ներկայացրած ԲՀԿ-ի դիմումը դեռ որևէ դատավորի չի մակագրվել. Ղազարյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը դեռ որևէ դատավորի չի մակագրվել, այդ մասին InfoPort.am-ին տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով, ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Ալվինա Գյուլումյանը դեռ չի եկել, որպեսզի իր ստորագրությամբ մակագրի որևէ դատավորի։

««Բարգավաճ Հայաստանի» ներկայացրած դիմումը սպասում է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող տիկին Ալվինա Գյուլումյանի ստորագրությանը։ Նա կստորագրի, կփոխանցի դատավորներից մեկին կամ մի քանիսին՝ նախնական ուսումնասիրության նպատակով», - ներկայացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը։

Հարցին՝ այսինքն՝ պատգամավորների ներկայացրած ստորագրությունների հարցը չի՞ քննարկվում, Ղազարյանը պատասխանեց, որ այդ հանգամանքը կքննրակվի այն ժամանակ, երբ գործը նախնական ուսումնասիրություն կանցնի։

«Նախնական ուսումնասիրությունից հետո դատավորը կամ դատավորները կտան եզրակացություն, որն էլ դատարանը աշխատակարգային կարգով կքննարկի», - հավելեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը։

Հետաքրքրվեցինք նաև, ինչո՞ւ տիկին Գյուլումյանը չի եկել, գուցե նա արդեն իրեն չի համարում ՍԴ դատավոր, Ղազարյանը արձագանքեց․

«Տիկին Գյուլումյանը պարզապես դեռ չի եկել։ Ուրբաթ օրվա վերջին եկավ դիմումը, ես չհասցրի փոխանցել իրեն։ Այսօր էլ օրվա ընթացքում դեռ չի եկել, որ ես փոխանցեմ իրեն դիմումը»։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՍԴ դիմում էր ներկայացրել՝ վիճարկելով ՍԴ փոփոխությունների հարցով Սահմանադրական դատարան չդիմելու մասին ԱԺ որոշման սահմանադրականությունը։ Ըստ ԲՀԿ-ի՝ ԱԺ մեծամասնությունը Սահմանադրություն է խախտել Սահմանադրության փոփոխությունների՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո ՍԴ եզրակացությունն ստանալու համար ՍԴ չդիմելով։

  • Կիսվել: