կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություներ հաստատելու հարցով որեւէ երկրի միջնորդությանը չենք դիմել․ Միրզոյան

Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություներ հաստատելու հարցով որեւէ երկրի միջնորդությանը չենք դիմել․ Միրզոյան

Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը վերջը չէ, սա գործընթացի սկիզբն է, կան բազմաթիվ ոլորտներ, որոնք դեռ նոր պետք է բացահայտենք և մեծ համագործակցություն ծավալենք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Հայաստանը մեծ կարևորություն է հաղորդում արաբական երկրների հետ իր հարաբերություններին։ Կարծում ենք՝ գրեթե բոլորի հետ կան չիրացված հնարավորություններ, և տասնապատիկ ավելի ափսոս էր ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունենալը Սաուդյան Արաբիայի հետ։ 30 տարի շարունակ ջանքեր գործադրվել են այդ ուղղությամբ, ցավոք, այս կամ այն պատճառով հաջողությամբ չէին պսակվել։

ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրերից մեծ ուշադրություն եմ դարձրել այս հարցին, հանդիպումներ ենք նախաձեռնել, տեղի է ունեցել 2 պաշտոնական հանդիպում, բազմաթիվ այլ հարթակներում շփվել ենք, հեռախոսազրույցներ ենք ունեցել, քննարկումներ են եղել, պատվիրակություն է այցելել Սաուդյան Արաբիա։ Սա վերջը չէ, սա գործընթացի սկիզբն է, կան բազմաթիվ ոլորտներ, որոնցում դեռ նոր պետք է բացահայտենք, և մեծ համագործակցություն ծավալենք»:

ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը անդրադարձավ այդ օրերին նաև արդբեջանական տիրույթի այն հրապարակումներին, թե Հայաստանն այդ հարցով մի շարք երկրների է դիմել, ինչին ի պատասխան՝ Միրզոյանն ասաց. «Ինձ ասել էին, որ այդպիսի մեկնաբանություններ էին եղել։ Մենք այս հարցով որևէ երկրի միջնորդությանը և օգնությանը չենք դիմել։ Այդ արձանագրումը տեղի է ունեցել բացառապես երկկողմ շփումների արդյունքում։ Ձեր նշած տեղեկատվությունը կեղծ է»։

 

  • Կիսվել: