շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սամվել Մայրապետյանը Հայաստան վերադառնալիս օդանավակայանում վատացել է

Սամվել Մայրապետյանը Հայաստան վերադառնալիս օդանավակայանում վատացել է

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալ, գործարար Սամվել Մայրապետյանը Հայաստան վերադառնալու ճանապարհին օդանավակայանում վատացել է և չի կարողացել գալ Հայաստան, PrimeNews.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Սամվել Մայրապետյանի փաստաբանները գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում նրա ինքնազգացողությունը վատացել է և տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար», փոխանցեց Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»։

Նկատենք՝ Սամվել Մայրապետյանը հիվանդության բուժման նպատակով դեռ այս տարվա սկզբին էր վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ մեկնել Գերմանիա:

  • Կիսվել: