Սահմանի բացման պարագայում Թուրքիան կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերածի Աջարիայի նման վայրի․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմի Պոզներին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին և, պատասխանելով լրագրողի հարցին, նշել է, որ մեզ համար սպառնալիք է Թուրքիան:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Իհարկե, Թուրքիան: Սպառնալիքը մեզ համար պատմական է, այն ընկալվում է ինչպես և՛ հայերի կողմից, այնպես էլ թուրքերն են մեզ ընկալում որպես սպառնալիք: Դրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Սպառնալիքն այն է, որ Թուրքիան սահմանի բացման պարագայում կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերածի Աջարիայի նման վայրի՝ իր բիզնեսի տեսանկյունից, իր տնտեսության տեսանկյունից: Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում՛՛Լ
Քոչարյանի խոսքով՝ մեր պատմական կողմնորոշումը դեպի Ռուսաստան վրդովեցնում է ոչ միայն Թուրքիային: Այն վրդովեցնում է նաև ԱՄՆ-ին, ինչպես նաև շատ շատերին:
՛՛Հայաստանում բավականին ակտիվ աշխատում են ուժեր, որոնք փորձում են խաթարել այդ հարաբերությունները, մեղադրել Ռուսաստանին այն բանում, որ մենք պարտվել ենք պատերազմում: Այսպես կոչված՝ հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց գլոբալ են համարում և իբրև գլոբալ արժեքներ են քարոզում, նրանք շատ են Հայաստանում: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է խարխլվում մեր ինքնորոշման հիմքը: Դա տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով՛՛,-հավելել է նա:


