երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի, եթե սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի. Մհեր Գրիգորյան

Սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի, եթե սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի. Մհեր Գրիգորյան

Սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում դեռ չկա: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ արդյոք Տավուշի մարզի՞ց է սկսելու սահմանազատման գործընթացը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք Ադրբեջանը դե՞մ է սահմանազատման հիմքում դրվելիք Ալմա-Աթայի հռչակագրի հղմանը, փոխվարչապետը հորդորեց հետևել պաշտոնական հայտարարություններին:

Գրիգորյանի խոսքով՝ սահմանազատման հատվածները, կարևորագույն սկզբունքները՝ անվտանգություն, սոցիալ-կենցաղային, իրավական հարցեր, մինչև վերջնական որոշումներ չլինեն այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին չեն կարող ասել:

Հարցին՝ ի՞նչ տարածք է պատրաստ վերադարձնել Ադրբեջանը, Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ չի կարող հարցին պատասխանել, քանի որ վերջնական կոնսենսուս դեռևս չկա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը ի պատասխան՝ արդյոք նույնիսկ սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ չկա՞ կոնսենսուս, փոխվարչապետը նշեց՝ սահմանազատումը այդ հատվածից սկսելու մասին որոշում հնարավոր է լինի, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ՝ անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական, կոնսենսուս ձեռք բերվի:

«Այս փուլում քննարկում ենք այդ հարցերը: Իհարկե, բազմաթիվ հարցեր քննարկվում են, հարցեր կան, որոնց շուրջ ընկալումները նույնատիպ են»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով՝ դեռևս կան հարցեր, որոնց շուրջ չկա կոնսենսուս:

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման մասին հարցը, նիստին ներկա են արտգործնախարար Արարարտ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Այս օրակարգով հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությունը խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններինն է:

  • Կիսվել: