շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սահմանազատման աշխատանքների վերաբերյալ նոր փաստաթուղթը կարող է ստորագրվել միայն հայկական կողմի պայմանի իրագործման դեպքում. Ռուբեն Ռուբինյան

Սահմանազատման աշխատանքների վերաբերյալ նոր փաստաթուղթը կարող է ստորագրվել միայն հայկական կողմի պայմանի իրագործման դեպքում. Ռուբեն Ռուբինյան

Սահմանազատման աշխատանքների վերաբերյալ նոր փաստաթուղթը կարող է ստորագրվել միայն հայկական կողմի պայմանի իրագործման դեպքում, այսինքն, եթե ադրբեջանական զորամիավորումները դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշեց, որ ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս մտնելուց հետո Հայաստանը գործարկել է բոլոր մեխանիզմները՝ այդ թվում ՀԱՊԿ շրջանակում, հայ-ռուսական երկկողմ պայմանագրի շրջանակում, նաև միջազգային տարատեսակ հարթակներում ճնշումը մեծացնելով:

«Այդ ընթացքում նաև առաջարկ է ստացվել ՌԴ-ից՝ ստեղծել եռակողմ հանձնաժողով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ: Ոչ թե անել դելիմիտացիա և դեմարկացիա հիմա, վաղը կամ մեկ ամսից, այլ ստեղծել նման հանձնաժողով»,-ասաց պատգամավորն ու հիշեցրեց, որ, օրինակ, Հայաստանի և Վրաստանի միջև կա այդպիսի երկկողմ հանձնաժողով:

Հայաստանը, ի պատասխան այդ առաջարկի, իր հստակ դիրքորոշումն է հայտնել առ այն, որ դա կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից գալու և ելման դիրքեր վերադառնալու դեպքում:

«Եթե այդ փաստաթուղթը ստորագրվի և նման հանձնաժողով ստեղծվի (կրկնում եմ, որ դա կարող է տեղի ունենալ միայն հայկական կողմի պայմանի իրագործման դեպքում), խոսքը լինելու է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին և ոչ՝ Ադրբեջանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում Ղարաբաղը՝ Ռուբինյանն ասաց, որ այդպես չի կարող լինել: «Արցախյան հակամարտությունը լուծված չէ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չի եղել, դրա մեջ որևէ հղում չի եղել Արցախի այս կամ այն կարգավիճակին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները ֆիքսել են իրենց դիրքորոշումն առ այն, որ Արցախի կարգավիճակի որոշման հարցը մնում է բաց, և հետևաբար իր հայտարարածը չի կարող տեղի ունենալ»,-նշեց նա:

Պատգամավորը կրկնեց՝ պետք է տեղի ունենա հետևյալը՝ ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ ինքնիշան և միջազգայնորեն ճանաչված սահմանները: Միջազգային գործընկերների դիրքորոշումը ևս նույնական է այդ դիրքորոշմանը:

  • Կիսվել: