շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սահմանադրության փոփոխությունը դրսի թելադրանքն է. Բագրատ Սրբազան

Սահմանադրության փոփոխությունը դրսի թելադրանքն է. Բագրատ Սրբազան

Այս մարդիկ ինչպե՞ս կարող են խոսել պայքարից, պաշտպանությունից, կռվից, երբ հայտարարում են՝ լեռների համար հո կռիվ չե՞նք տա։ Այս մասին այսօր Եռաբլուրում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նրա խոսքով՝ Արցախն այս իշխանությունների համար ոչ մի արժեք չի ունեցել և չունի.«Փաստերն ու արձանագրումները շատ են»։

 Բագրատ Սրբազանը նշեց, որ միանշանակ լինելու են ակտիվ գործողություններ.«Մեր ամենակարևոր խաղաթուղթը եղել է այն, որ իրենք չիմանան, թե մենք ինչ ենք անելու։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն գործընթացը, որը տեղի է ունենում հիմա, եթե դա մենք ունենայինք նախորդ տարվա մայիսից առաջ, ամեն ինչ այլ կլիներ»։

 Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Սրբազանը նշեց.«Դուք այս մարդու բոլոր հայտարարություններին ծանոթ եք և հստակ է մի բան՝ սա թելադրանք է դրսից՝ իր տերերից։ Սահմանադրությունը փոխելու հարց չկա, իրեն փոխելու հարց կա։ Սահմանադրությունը որոշակի իմաստով միշտ էլ կարող է փոփոխությունների ենթարկվել, բայց այս պարագայում, այս ժամանակահատվածում իրեն փոխելու հարցն է, որովհետև այստեղ գոյաբանական կռիվ է, Սահմանադրության կամ օրենքների կռիվ չէ: Սահմանադրությունը մենք որևէ ժամանակ կարող ենք քննարկել, քննել, ուսումնասիրել, համապատասխանեցնել, ինչ-որ պետք է անելու անել, բայց հենց ինքն է ձախողել ամեն ինչ և հիմա փորձում է ամեն ինչը հարմարացնել իր ձախողմանը։ Ինքը ինչո՞վ է ընտրվել, այդ Սահմանադրությամբ չի՞ ընտրվել, ուրեմն ինքը լեգիտիմ չէ»:

 

  • Կիսվել: