հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սահմանադրության նկատմամբ անփույթ վերաբերմունքը վտանգավոր է․ Հայրիկյան

Սահմանադրության նկատմամբ անփույթ վերաբերմունքը վտանգավոր է․ Հայրիկյան

Հայաստանի՝ որպես պետություն, կայացման փուլից սկսած մինչեւ այս պահը մեծ զգուշավորություն է դրսեւորվել Սահմանադրության հետ առնչվող խնդիրների նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Նույնիսկ այն համակարգերը, որոնք մենք ի սկզբանե գնահատել ենք որպես ոչ ժողովրդավարական, նույնիսկ դրանք հակառակ ծայրահեղության են գնացել։ Օրինակ, Սահմանադրության ընդունումը, որը մենք՝ որպես կարեւորագույն խնդիր, բարձրացնում ինք Անկախության հռչակագրի ընդունումից անմիջապես հետո, Անկախության հռչակագրում էլ այդ երեւույթը նշելով, մոտ 4 տարի տեւեց։

Հաջորդ սահմանադրական բարեփոխումները, չնայած նախաձեռնեցինք 1998 թվականից, ես էի գլխավորում հետո արդեն ձեւավորված հանձնաժողովը, սակայն հանրաքվեն տեղի ունեցավ 2 փուլով եւ իհարկե ոչ այն բովանդակությամբ, որ ես կամենում էի»։

Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ այդ ժամանակ նախատեսել են, որ սահմանադրական որոշ դրույթներ կարող են փոփոխությունների ենթարկվել խորհրդարանի միջոցով, այսինքն, հարցը չտարվի հանրաքվեի։

Նա նշեց. «Օրինակ՝ հանրապետականների օրոք արդեն հանրաքվեի դրվելիք նախագիծն ընդունված էր, եւ այնտեղ ասված էր՝ ազգությամբ հայերը Հայաստանի քաղաքացիություն ընդունելիս․․․ Ես հեռախոսազրույց ունեցա այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահի հետ, ասում եմ՝ լսեք, դուք միջազգային իրավուքի տեսակետից սխալ բան եք գրում, ազգությամբ հայ արդեն նշանակում է Հայաստանի քաղաքացի, Սահմանադրության մեջ չի կարող այդպիսի եզր լինել, կարող եք գրել՝ ծագումով հայ։

Ու պատկերացրեք՝ թվում էր, թե ընդամենը մի ստորակետ ուղղելու հարց է ազգությամբ հայի փոխարեն գրել ծագումով հայ, բայց ամիսներ տեւեցին քննարկումները եւ ի վերջո այդ հարցը բաց թողնվեց, տեղին չհամարվեց նույնիսկ պառլամենտում դա քննարկել, որովհետեւ խոսքը Սահմանադրությանն էր վերաբերում»։

Հայրիկյանն ասաց, որ Սահմանադրությունը մյուս բոլոր օրենքների հիմքն է, եւ նրա նկատմամբ այդպիսի անփույթ վերաբերմունքը ոչ միայն անհասկանալի է, այլեւ՝ նույնիսկ վտանգավոր։

 

  • Կիսվել: