Սա նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետև համաձայն չէ սոցապ նախարարի հետ. Ավինյանը` Սարհատ Պետրոսյանի մասին
Ընդհանուր առմամբ, ինձ համար տրամաբանությունն ընդունելի չէ, որովհետև դա նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետև համաձայն չէ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` մեկնաբանելով Կադաստրի պետական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականի պատճառաբանությունը:
Ավինյանը նշեց, որ ինքը Սարհատ Պետրոսյանի հետ խոսել է մինչև հրաժարականի դիմումը հրապարակելը:
Ավինյանը հավելեց. «Թայֆայաբազության և կոռումպացվածության մասին իր հայտարարությունների մասով կխնդրեմ հենց պարոն Պետրոսյանից պարզաբանում ստանալ, որովհետև սա ինձ համար էլ էր նորություն»։
Ինչ վերաբերում է նրան, որ Սարհատ Պետրոսյանի հայտարարության մեջ շոշափվում էր իր` Ավինյանի անունը, փոխվարչապետն արձագանքեց․ «Հայտարարության մեջ իմ անունը շրջանառվում է այն կոնտեքստում, որ նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն իմ խորհրդականն է: Իսկ պարոն Պետրոսյանի դիտարկումը, թե հետընթաց կա այդ ոլորտում... կարծում եմ, որ նա, չլինելով Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին»։
Ավինյանը, միաժամանակ, դրական գնահատեց Սարհատ Պետրոսյանի աշխատանքը:
Հիշեցնենք, որ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել` հայտարարելով, որ չի կիսում կառավարության քաղաքականությունը քաղաքաշինության բնագավառում: