երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սա նոր թակարդ է. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց սահմանապահ գյուղերի բնակիչներին

Սա նոր թակարդ է. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց սահմանապահ գյուղերի բնակիչներին

Այսօր Ոսկեպարում հավաքի ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնեց, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ Ոսկեպարից, Բաղանիսից, Տավուշի սահմանապահ մյուս գյուղերից մեր հայրենակիցներին ուզում են ընդգրկել սահմանազատման և սահմանագծման միջպետական հանձնաժողովում։

Նա, մասնավորապես, նշեց. «Պետական հանձնախմբի մեջ։ Մտածեք դրա մասին, տեսեք՝ ինչ թակարդ է սա։ Իսկ ի՞նչ է սրա տակ թաքնված։ Եթե մեր գյուղացիները մասնակցեն այս սահմանազատման ու սահմանագծման գործին, վաղը, մյուս օրը, եթե հարցին ինչ-որ ձևով լուծում լիլնի ու մենք ասենք՝ անընդունելի է, պատասխանելու են՝ դուք արեցիք․ գյուղացիները։ Ներգրավել էինք իրենց։ Պատասխանատվությունն այդ գյուղացիների վրա է լինելու․ «Դուք եք արել, դուք մեջն էիք, չէ՞»։

Եթե, օրինակ, չհամաձայնեն, ասեն՝ սա ճիշտ չէ, սա սխալ է, և դրանից հետո չերաշխավորած կամ երաշխավորած պատերազմ գա մեր ժողովրդի գլխին, էլի ասելու են․ «Դուք արեցիք, բա հանձնախմբի մեջ էիք, չհամաձայնվեցիք, որ այսպես լինի, դրա համար էլ պատերազմ եղավ։ Երկու ձևով էլ դուք եք մեղավոր»:

Սիրելի՛ ժողովուրդ, այս մարդկանց գլխում այդպես է՝ ամեն ինչում դուք եք մեղավոր»:

Այնուհետև Տավուշի թեմի առաջնորդը դիմեց իշխանություններին՝ ասելով. «Ինչ լինի մեր երկրում՝ պատերազմ, արհավիրք, հենց դու՛ք եք մեղավոր, իշխանավորնե՛ր՝ ձեր ղեկավարով հանդերձ»։

  • Կիսվել: