հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սա դիմակահանդես չէ, պատերազմական իրավիճակում շուկայական կանոնները պիտի չաշխատեն. Մելքումյան

Սա դիմակահանդես չէ, պատերազմական իրավիճակում շուկայական կանոնները պիտի չաշխատեն. Մելքումյան

Խորհրդարանում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե բժշկական դիմակի գինը և բաց տարածքներում այն չկրելու համար նախատեսված տուգանքի չափը կապ ունի՞ մարդկանց եկամուտների հետ։

Ըստ պատգամավորի,  եթե նախկինում բժշկական դիմակները վաճառվում էին 25-30 դրամով, ապա այժմ տասն անգամ թանկացել է՝ հասնելով 200-230 դրամ։

«Եթե մարդը օրը երեք անգամ պետք է դիմակ փոխի, դա էլ բազմապատկենք 30 օրով, ապա կստացվի, որ ամսական 20 հազար դրամ մարդը պետք է ծախսի դիմակի համար, իսկ ընտանիքը՝ 50-60 հազար դրամ։ Հիմա պետությունն ինչ-որ դերակատարություն ունի՞, որ մենք հասկանանք, թե այս դիմակի հետ կապված ոնց ենք վարվում»,- հարցրեց պատգամավորը։

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ դիմակի ինքնարժեքը կապ չունի առաջարկվող օրենքի նախագծի հետ, քանի որ 100-250 հազար դրամ տուգանքը նվազեցվում է մինչև 10  հազար դրամ.

«Ձեր հարցը պահանջարկի և առաջարկի հետ կապված հարց է: Որոշակի փուլում, կախված պահանջարկից, դրա գինը կարող է բարձրանալ կամ նվազել»:

Միքայել  Մելքումյանը չհամաձայնեց. «Պարոն փոխնախարար, պատերազմական իրավիճակում դասական շուկայական կանոնները պետք է մասամբ չաշխատեն։ Եթե կա արտակարգ ռեժիմ, սա դասական շուկայական տնտեսության վիճակ չէ, արտակարգ վիճակ է։ Ո՞նց կարող է դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը դիմակի գնի հետ որևէ կապ չունենա։ Դիմակները կրում ենք, քանի որ վատ վիճակ է, սա դիմակահանդես չէ»,- ընդգծեց պատգամավորը։

Ի պատասխան՝ Վահե Դանիելյանն ասաց, որ որևէ սահմանափակում, առհասարակ, հաճելի չէ քաղաքացիներին, սակայն ավելի կարևոր արժեք փրկելու համար են նախատեսված սահմանափակումները, հետևաբար՝ որոշակի նեղություն  պատճառվում է քաղաքացիներին, այդ թվում՝ նաև դիմակ գնելու և այլ հարցերում։

«Եթե առաջարկ ունեք պետությանն այս հարցում, ասեք, քննարկենք»,- նշեց նա։

 

  • Կիսվել: