շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն են հաստատել. Պուտին

Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն են հաստատել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում: Այս մասին նա հայտարարել է Ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում:

«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, իսկապես դաշնակցային բնույթ ունեն: Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն: Միջտարածաշրջանային համագործակցությունը շատ էական դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել փոխշահավետ ծրագրեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում», - ասվում է հեռագրում:

Պուտինը կարևորել է, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները, գիտական, փորձագիտական և գործարար շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցեր և նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:

«Հուսով եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ոգով, սկիզբ կդնի նոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը», - ասել է Պուտինը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: