Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու որոշման դեմ դատախազության բողոքը Վերաքննիչը մերժվեց
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց դատախազության՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական խումբը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդության մեջ հղում էր արել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման։ Դատախազի կարծիքով, այդ որոշումը կարող էր նոր հիմնավորում լինել Վերաքննիչի կողմից ՍԴ դիմելու համար։
Դատարանը նաև մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունները։
Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ ստանալու պահից մեկամսյա ժամկետում։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։